Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՊՀ-ի այն քաղաքացիները, ովքեր անօրինականորեն գտնվում են Ռուսաստանի տարածքում, պետք է լքեն երկիրը մինչև հունիսի 15-ը, հակառակ դեպքում նրանց կարող են արտաքսել: Ջավախքի շատ բնակիչներ, համավարակի ընթացքում, տարբեր ուղիներով մեկնում էին Ռուսաստան՝ վճարելով մեծ գումարներ և անցնելով տարբեր խոչընդոտների միջով, քանի որ այլևս ընտանիքը պահելու համար ոչ մի ճար չկար: Այժմ նրանք պատրաստ են ծախսել ավելի քան 1000 լարի՝ Ռուսաստանից Հայաստան մեկնելու և հետ թռչելու համար, որպեսզի կարողանան շարունակել իրենց աշխատանքը:
ԱՊՀ-ի երկրները պետք է հետ կանչեն իրենց քաղաքացիներին, ովքեր անօրինականորեն գտնվում են Ռուսաստանում մինչև հունիսի 15-ը, հակառակ դեպքում Մոսկվան միջոցներ կձեռնարկի՝ ընդհուպ սահմանների փակումը: Այս մասին ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը հայտնել է ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:
«Գործընկերներ, ես կցանկանայի Ձեզ դիմել խնդրանքով: Ձեր քաղաքացիների թվաքանակը, ովքեր ներկայումս գտնվում են իմ երկրի տարածքում, անօրինական է: Եթե մենք Ձեզ հետ միասին մինչև հունիսի 15-ը չվերացնենք այս թիվը, ինչպես ենթադրում է նախագահի հրամանագիրը, այդ մարդիկ կպատժվեն ընդհուպ վտարումը և սահմանների փակումը», – հայտարարել է նա:
Համավարակի պատճառով ներգաղթյալների մի մասը հասցրեց լքել Ռուսաստանը, բայց սահմանները փակելու պատճառով չկարողացավ վերադառնալ, իսկ մի մասը մնաց առանց տուն վերադառնալու հնարավորության: Նախագահի հրամանագրերով մնացած օտարերկրացիների համար ժամկետները երկարացվեցին մինչև 2021 թ.-ի հունիսի 15-ը` Ռուսաստանում մնալու կամ բնակվելու իրավունքի, գրանցման ժամկետների և նրանց իրավական կարգավիճակը լուծելու այլ միջոցների համար: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ավելի քան 61 000 Հայաստանի քաղաքացի գտնվում եմ ՌԴ-ում ոչ օրինական հիմունքներով: Նրանց մեջ կան նաեւ Ջավախքի բնակիչներ:
Շատերը Ջավախքից հեռացել էին տարբեր ճանապարհներով: Մեծամասնությունը հիմնականում ունի հայկական անձնագիր, այսինքն՝ նրանք գտնվում են Ռուսաստանում՝ որպես ՀՀ քաղաքացի: Ոմանք Ռուսաստան են մտել Բելառուսով՝ առանց գրանցում անցնելու Ռուսաստանի հետ սահմանին: Դե իսկ շատերն էլ անօրինական հիմքերով ՌԴ-ում են գտնվում դեռ նախահամավարակային ժամանակներից:
Խաչատուրը Ռուսաստան էր մեկնել 2021 թվականի սկզբին, քանի որ հասկացել էր, որ սահմանները դժվար թե շուտ բացվեին: Բելառուսի տարածքով նա ավտոմեքենայով հասել էր Ռուսաստան: Նա ունի բարեկամ, ով զբաղվում է փաստաթղթերով: Արդյունքում՝ Ռուսաստան մուտք գործելուց հետո 1 ամսվա ընթացքում ազգականներից մեկը օգնել էր նրան գրանցվել: Այդ պատճառով Խաչատուրն օրինական կարգով է գտնվում Ռուսաստանում և ստիպված չէ հեռանալ մինչև հունիսի 15-ը: Նշենք, որ Ռուսաստան մուտք գործելու պահից 1 ամիս անց, եթե անձը չի գրանցվել, ապա նրա այնտեղ մնալը համարվում է անօրինական:
Շատերը չեն հոգացել գրանցման մասին և Ռուսաստանում անօրինականորեն են գտնվում: Արտաքսման լուրը նրանց անհանգստացրել է: Բոլորը մտածում են, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Շատերը որոշել են, չնայած թանկ ավիատոմսերին (ավելի քան 1000 լարի), մեկնել Հայաստան և կրկին վերադառնալ Ռուսաստան և օրինական կերպով ձևակերպել բոլոր փաստաթղթերը,քանի որ հիմա դա արդեն հնարավոր է: Իսկ այն ժամանակ, երբ նրանք մեկնում էին, ոչ մի կերպ հնարավոր չէր օրինականորեն մուտք գործել Ռուսաստան:
«Հիմա այսպիսի վիճակ է, և օրենքն այսպիսին է, վաղը չգիտեմ, թե ինչ կլինի», – ասում է Խաչատուրը: