Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շարունակական բնույթ կրող ազատազրկումը կարող է խաթարել Թբիլիսիի ժողովրդավարացման քայլերը և խորացնել քաղաքական տարաձայնությունները երկրի ներսում: Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բրեդ Շերմանի հայտարարության մեջ։
«Մինչ Վրաստանը զբաղված է քաղաքական ճգնաժամը հաղթահարելով, որը խաթարել է առողջ ժողովրդավարական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը, ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ Սաակաշվիլիի և այս տարվա սկզբին «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունների տագնապալի միտումը Վրաստանի համար իր կարևոր ժողովրդավարական և եվրաատլանտյան հետագիծը շարունակելու ուղին չէ»,- ասվում է Բրեդ Շերմանի ուղերձում։
Դեմոկրատ կոնգրեսականը նշում է, որ Սաակաշվիլին ձերբակալվել է առանց վերջինիս ներկայության քրեական գործերի առնչութհամբ կայացված դատավճիռների հիման վրա, որոնք «լայնորեն քննադատվել են որպես քաղաքականապես մոտիվացված»։ Սաակաշվիլին իր ձերբակալության և Ռուսթավիի բանտում տեղկայվելու օրվանից՝Հոկտեմբերի 1-ին, ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել։ Քաղաքական գործիչը մեկ ամիս հրաժարվում է ուտելիքից, հաղորդում է «Новости-Грузия» գործակալությունը։
Շերմանը հայտարարում է, որ «խորապես անհանգստացած է Վրաստանի նախկին նախագահի և Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի առողջական վիճակի վատթարացմամբ»: Նա շեշտում է, որ փաստաբանների հասանելիության երաշխիքները և նախկին նախագահին «համարժեք բժշկական օգնության» ցուցաբերումը «անբաժանելի մասն են կազմում Վրաստանի բնակիչների վստահությունը վերականգնելու առումով» և երկիրը ժողովրդավարական ուղուն վերադարձնելու համար։
«Որպես Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ՝ ես կոչ եմ անում «Վրացական երազանքի» կառավարությանը անհապաղ լուծել Սաակաշվիլիի առողջական վիճակի արագ տեմպերով վատթարացման հարցը՝ նրան բուժման նպատակով տեղափոխելով հիվանդանոց»,- ասվում է ուղերձում։