Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում շուրջ 6 ամիս է քաղաքական ճգնաժամ է: Մանդատ ստացած գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են խորհրդարան մտնելուց: ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջամտությամբ ձեռնարկվել էին ճգնաժամի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր: Քաղաքական ճգնաժամի այս և այլ մանրամասների մասին Jnews-ը զրուցել է Ռոնդելիի հիմնադրամի փորձագետ Ալեքս Պետրիաշվիլիի հետ:
– Ի վերջո ի՞նչ որոշման են հանգել իշխանություններն ու ընդդիմությունը:
Անձամբ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի շատ ակտիվ միջամտությամբ, ինչպես նաև նրա անձնական բանագնացի միջնորդությամբ, դրան գումարած նաև ԱՄՆ և ԵՄ դեսպանների մասնակցությունը, հաջողվեց որոշակի համաձայնության գալ: Հայտնի է, որ չկա միակողմանի, բարենպաստ համաձայնագիր: Կողմերը պետք է փոխզիջման գնան, այս համաձայնագիրը չպետք է պարտվողական լինի որևէ կողմի համար: Ինչ-որ մասով, ինչ-որ չափով, այս կամ այն կողմի մոտ մնում են որոշ հարցեր, դժգոհություններ, և որ ամենակարևորն է, որ մեծ քայլ պետք է արվի քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ: Համաճարակի և համավարակի 3-րդ ալիքի ֆոնին, նաև ամենաբարդ ու խորը տնտեսական և սոցիալական ճգնաժամի ֆոնին մեզ բոլորովին պետք չէ քաղաքական ճգնաժամ:
– Այնուամենայնիվ, «Ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստանն» ի սկզբանե չեն ստորագրել համաձայնագիրը: Ինչո՞ւ:
Նրանք ունեն իրենց սկզբունքային հարցապնդումը՝ այս առումով կարմիր գիծը: Անկեղծ ասած, ես կարող եմ նրանց հասկանալ: Գնալ համաձայնության և բանակցությունների այն ժամանակ, երբ նրանց կուսակցության նախագահը բանտում է, ըստ էության պատանդ է վերցված, որևէ մեկի համար գործնականում անհնար է:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Մելիայի և Ռուրուայի ազատ արձակման մեխանիզմները:
Սա ամրագրված է ստորագրված կոնկրետ համաձայնագրում, բայց այնտեղ ամեն ինչ համընկնում է այն մեխանիզմներին, թե ինչպես կարող է Մելիան ազատության մեջ հայտնվել: Նա կտրականապես դեմ է իր փոխարեն գրավը վճարելուն և համաներման շնորհմանը, որի համաձայն կհամաներվեն այն իրավապահները, ովքեր մասնակցել են ցուցարարների ցրմանը 2019 թվականի հունիսի 20-ին: Սա նրա սկզբունքային դիրքորոշումն է: Բայց ես մեծ հույս ունեմ, որ ստեղծված իրավիճակից կգտնվի ելք: Եվրամիությունը ցուցաբերել է իր հետաքրքրվածությունը, ակտիվ մասնակցության իր պատրաստակամությունը: Ես չեմ հիշում նախադեպ, երբ նախագահը, Եվրոպայի խորհրդի բարձրագույն քաղաքական ղեկավարն անձամբ մասնակցեր բանակցություններին:
– Ի՞նչ զիջումների գնացին իշխանություններն ու ընդդիմությունը քաղաքական ճգնաժամը լուծելու համար:
Առաջին հերթին, «Վրացական երազանքն» ընդհանրապես թույլ չէր տալիս արտահերթ ընտրություններ նշանակելու հարցի որևէ ձևի քննարկման հնարավորությունը: Երկրորդ, փաստաթղթում, որն, այնուամենայնիվ, նրանք ստորագրեցին, հստակ նշվում է, որ երկու քրեական գործերն էլ՝ Ռուրուայի և Մելիայի, քաղաքականապես ակտիվացված են: Նրանք նաև կապեցին վերընտրություններ նշանակելու հնարավորությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 43%-ից պակաս ձայներ ստանալու հետ: Ընդդիմությունը նույնպես ուներ մեկ այլ առաջարկ՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ անցկացնել հանրաքվե, որը նախաձեռնել էր, օրինակ. «Եվրոպական Վրաստանը»: Հանրաքվեն հիշեցնում է ավելի բարձր շեմի մասին՝ 50+1: Եվ եթե Վրաստանում 50 և գումարած 1 տոկոսը քվեարկեին նոր ընտրություններ անցկացնելու օգտին, ապա կանցկացվեին արտահերթ ընտրություններ: Իշխանությունները չգնացին դրան:
– Քաղաքական ճգնաժամը շարունակվում է ավելի քան 6 ամիս, մերթ իշխանությունները համաձայն չեն, մերթ՝ ընդդիմությունը: Սակայն իշխանությունների, ավելի ճիշտ՝ Կոբախիձեի դիրքորոշումը փոխվեց ԱՄՆ մեկնելուց հետո, ինչի՞ հետ էր դա կապված:
Իրապես, պետք է նշել, որ մեր գործընկերները՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն, ուշի-ուշով հետեւում էին ճգնաժամին: Նրանք շատ ակտիվ ներգրավված էին և նույնիսկ լսումներ անցկացվեցին ԱՄՆ Սենատում՝ Միջազգային հարցերի հանձնաժողովում, ինչպես նաև Եվրախորհրդարանում: Լսումները կայացան, և այնտեղից շատ լուրջ ազդանշաններ եկան, որ եթե համաձայնությունը ձեռք չբերվի, ապա այս ճգնաժամից դուրս գալու ելքը չի գտնվի, Վրաստանը կարող է մեծապես տուժել դրանից՝ և ֆինանսապես, և, իհարկե, քաղաքականապես: Մեր հարաբերությունները կարող են հետ շպրտվել, և մեր գործընկերները միշտ շեշտում էին, որ դա երկու կողմերի պարտասխանատվությունն է, բայց ավելի մեծ պատասխանատվությունը պատկանում է նրանց, ովքեր այժմ իշխանության գլխին և մեծամասնության մեջ են: Այնպես որ, շատ տրամաբանական է, որ Կոբախիձեի ԱՄՆ կատարած այցից հետո առաջին ազդանշաններն եկան հենց այնտեղից:
– Միշտ ասվել է, որ իշխող կուսակցությունն ավելի ռուսամետ է: Արդյո՞ք ատաքին քաղաքականության վեկտորը փոխելու հնարավորությունը «բաց չթողվե՞ց»: Հրաժարվե՞լ գործընկերներից` ի դեմս ԱՄՆ-ի և ԵՄ-ի:
Վրաստանում դա փաստացի անհասանելի է. Մեր բնակչության մեծ մասը՝ 70-80%-ը, ելնելով առկա բոլոր ուսումնասիրություններից, կողմ են եվրաինտեգրմանը, ՆԱՏՕ-ին ինտեգրմանը: Ոչ մի ղեկավարություն, ոչ մի իշխող կուսակցություն նման հնարավորություն չի ունենա, քանզի ստեղծել այդպիսի պատշաճ իրավիճակ և հետո փոխել վեկտորը դեպի Ռուսաստան, քանի որ դա նոր հեղաշրջում կառաջացնի: Բոլորը հիշում են, թե ինչպիսի՞ն էր բնակչության, հասարակության արձագանքը այցից և այն փաստից, որ պատգամավոր և կոմունիստ Գավրիլովը նստեց այն աթոռին, որտեղ նստել էր Վրաստանի առաջին նախագահը: Վրաստանում նման շրջադարձն անհնար է:
– Ինչպիսի՞ն է ընդդիմության աջակցությունը:
Մարդկանց ներկայությունը, հանրահավաքներին մարդկանց քանակը չի նշանակում, որ աջակցությունը քիչ է: Մարդիկ այլևս չեն ցանկանում փողոց դուրս գալ և, բողոքելով, ձեռք բերել իրենց համար նախատեսվածը: Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ 45/45 տոկոսը, այսինքն՝ բնակչության 45 տոկոսը, աջակցում է նոր ընտրությունների նշանակմանը: Սա նշանակում է, որ վրացական հասարակության մեջ կա մեծ ցանկություն նշանակելու վերընտրություններ և մեծ անվստահություն կա նախորդ ընտրությունների արդյունքների նկատմամբ:
1995-1998 թվականներին եղել է Արտաքին քաղաքականության և անվտանգության վերլուծության ծառայությունում Վրաստանի նախագահի պետական խորհրդականը: 1998 թվականից զբաղեցրել է տարբեր պաշտոններ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների բաժնի պետի և ռազմաքաղաքական վարչության փոխտնօրենի: Նա նաև Ավստրիայում Վրաստանի դեսպանության, ԵԱՀԿ-ում Վրաստանի մշտական առաքելության և Վիեննայի միջազգային կազմակերպությունների ավագ խորհրդականն է եղել: Համալրել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում Վրաստանի դեսպանության ավագ խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև Թուրքմենստանում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է եղել: 2012 թ-ի հոկտեմբերին նա դարձել է Վրաստանի խորհրդարանի անդամ: 2012-2014 թվականներին աշխատել է որպես Վրաստանի Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար: Դեսպան Պետրիաշվիլիի քաղաքական փորձը հիմնականում կապված է «Ազատ դեմոկրատներ» քաղաքական կուսակցության հետ, որտեղ նա 2010-2012 թվականներին աշխատել է որպես քաղաքական քարտուղար, իսկ 2014-2016 թվականներին՝ գլխավոր քարտուղար:
Քրիստինե Մարաբյան