Մայիսի 30-ին Թբիլիսիում, Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի գրասենյակում, տեղի ունեցավ կլոր սեղան տարածաշրջանային լրատվամիջոցների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկմանը մասնակցում էին նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի լրագրողները։
Հանդիպմանը ներկա էին «Գիրչի՝ ավելի ազատություն», «Դրոա», «Միացյալ ազգային շարժում», «Լելոն Վրաստանի հանար», «Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Հանուն Վրաստանի», «Հանուն արդարության» և «Օրենք և արդարություն» կուսակցությունների ներկայացուցիչները։ Կազմակերպիչների խոսքով, կլոր սեղանին հրավիրված էր նաև «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հրաժարվել է մասնակցել։
Կլոր սեղանը տեղի է ունեցել «Վրաստանում ընտրական միջավայրի բարելավում» ծրագրի շրջանակներում։ Նույն ծրագիրը ենթադրում է հանդիպումներ ընտրողների տարբեր խմբերի հետ՝ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, մարզերում ապրող կանանց, դպրոցականների, երիտասարդ ակտիվիստների, ներքին տեղահանվածների:
Հանդիպման ընթացքում տարբեր շրջաններից ժամանած լրագրողները բարձրաձայնեցին քաղաքական և սոցիալական խնդիրների մասին, որոնց հանդիպել են իրենց աշխատանքի ընթացքում։ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման ֆոնին քաղաքական խնդիրները գերակշռում էին սոցիալականին։
Շրջանների լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչու են քաղաքական կուսակցությունները շրջաններում պասիվ և չեն աշխատում։ Այս հարցին ոչ մի կուսակցություն լիարժեք պատասխան չտվեց, սակայն որոշներն ասացին, որ ամեն ինչ կապված է ֆինանսների հետ, որոնք իրենք չունեն։ Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները նույնպես ներկայացրեցին իրենց տեսակետները խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ։
Քննարկվեց նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» նոր օրենքը և դրա հնարավոր հետևանքները Վրաստանի ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների վրա։
Որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ իրենց տեսակետները հայտնեցին այս խնդրի լուծման ուղիների վերաբերյալ։ Քննարկումներն անցան զգացմունքային ու կոնկրետ, սակայն լրագրողները կոնկրետ պատասխաններ չստացան։