Կախեթին ճանաչվել է Վրաստանի ամենամաքուր շրջանը, իսկ Քութայիսին՝ ամենամաքուր քաղաքը: «Մաքուր շրջան 2020» ազգային մրցույթի արդյունքների մասին հայտնում է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Այս տարի մրցույթն անցկացվել է հինգերորդ անգամ: Ինչպես նախկինում, տարբեր անվանակարգերում հաղթողները որոշվել են հատուկ հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Ժյուրիի անդամները գնահատում են մրցույթին ներկայացված լուսանկարներն ու տեսանյութերը:

Զուգդիդիի շրջանը հաղթել է «Մաքուր մունիցիպալիտետ 2020» անվանակարգում, իսկ այնտեղ տեղակայված Զեդա Էծերին (Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջան)՝ «Մաքուր գյուղ 2020» անվանակարգում:

Վրաստանի ամենագեղեցիկ պատշգամբը ճանաչվել է Զուգդիդի բնակչի՝ Ռուսուդան Խարգելիայի պատշգամբը, իսկ երկրի մաքուր ու գեղեցիկ փողոցներ են ճանաչվել՝ Թբիլիսիի Զաքարիաձե փողոցը և Զուգդիդիում գտնվող Գամսախուրդիայի պողոտան:

«Ձեռնարկության գեղեցիկ բակ 2020» անվանակարգում հաղթել է Սագարեջոյի (Կախեթի) «Ղվինաշվիլեբիս մառանի» ընկերությունը:

2020-ի ամենագեղեցիկ բակը ճանաչվել է Խոնիի շրջանի բնակիչ Լուիզա Պանծուլայայի բակը:

Մրցույթի ժյուրիի որոշմամբ՝ Լագոդեխիի և Ախալցիխեի շրջանները պարգևատրվել են թափոնների կառավարման համակարգի բարելավմանը նպաստելու համար:

«Մաքուր տարածաշրջան» մրցույթն անցկացվում է «Պաշտպանենք Վրաստանի մաքրությունը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է համանուն հասարակական կազմակերպության, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության, Վրաստանի բնության հետազոտողների «Օրկիսի» ասոցիացիայի, «Կանաչների շարժում/Երկրի բարեկամներ- Վրաստան»-ի կողմից՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Ծրագիրն ուղղված է շրջակա միջավայրի կայուն զարգացման համակարգի ներդրմանը, թափոնների կառավարման համակարգի բարելավման գործընթացում գործարար հատվածի և կառավարության ներգրավվածության բարձրացմանը: