Խորհրդարանական փոքրամասնության անդամ Սամվել Պետրոսյանը ապրիլի 13-ին Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում ներկայացավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով:
Պետրոսյանի խոսքով, պետք է վերականգնվի պատմական արդարությունը, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում` հայ ժողովրդի հսկայական վերքը:
«Հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պետություններ: Մենք լինելով ժողովրդավարական երկիր, պետք է ճանաչենք այդ փաստը: Գոնե միայն այն պատճառով, որ Օսմանյան կայսրությունից տուժել է նաև Վրաստանը, օկուպացվել են նաև Վրաստանի հողերը, որոնք մինչև հիմա գտնվում են նրանց ձեռքում: Ես համոզված եմ, որ եթե ժամանակին դատապարտվեր հայ ժողովրդի ցեղասպանությունը, չէին լինի նման ողբերգություններ աշխարհի տարբեր մասերում: Նման հանցագործությունները չպետք է կրկնվեն որևէ այլ ազգի դեմ: Ուզում եմ բոլորին կոչ անել ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը և դրանով վերականգնել պատմական արդարությունը», – ասել է Պետրոսյանը:
Նշենք, որ Սամվել Պետրոսյանի ելույթի ժամանակ դահլիճում լսվում էր մյուս պատգամավորների բղավոցները իրենց տեղերից, ովքեր փորձում էին միջամտել, ընդհատել ելույթը: Դրան պատասխանել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Զվիադ Կվաչանտիրաձեն և հայտարարել, որ նա պատրաստվում էր խոսել մեկ այլ հարցի շուրջ, բայց Սամվել Պետրոսյանի ելույթից և դահլիճում մյուս պատգամավորների առարկություններից հետո, նա որոշել է արտահայտել իր կարծիքը թեմայի վերաբերյալ: Կվաչանտիրաձեի խոսքերով, ոչ ոք չպետք է տրվի սադրանքնրին, որոնք կարող են գալ չարակամ հարևանից:
«Վերջերս, փորձ էր արվում վերակենդանացնել Կովկասում կրկին մեծ, խորը և քնած հակամարտությունը: Բարեբախտաբար, միջազգային ջանքերով այս փուլում չկան հակամարտությունը սանձազերծելու լուրջ հեռանկարներ, սակայն մենք պետք է միշտ հիշենք, որ մեր շրջապատում կան ուժեր, որոնք շահագրգռված են այն բանում, որ Կովկասում անընդհատ լինեն պատերազմներ, որին ընդգրկվեն Հարավային Կովկասի բոլոր երկրները: Վրաստանում, մենք միշտ եղել ենք բարեկամներ և ապրել խաղաղ, և հիշեցնեմ անցյալ շաբաթվա ընդհանուր հայտարարությունը մեր գործընկերներ` Ռուսլան Պողոսյանի և Ալի Մամեդովի, ովքեր նույնպես խաղաղ գոյակցության կոչ են արել: Այնպես որ ևս մեկ անգամ, ես կոչ եմ անում բոլոր նրանց երբեք չտրվել սադրանքներին, որոնք կարող են գալ չարախինդ հարևանի կողմից», – ասել է Զվիադ Կվաչանտիրաձեն:
Էդիտա Բադասյան