Վրաստանի Իմունիզացման խորհուրդը արդեն քննարկում է այն հարցը, թե ինչպես կազմակերպել կորոնավիրուսի դեմ պատվաստումն այն քաղաքացիների բնակության վայրի համաձայն, ովքեր ունեն տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ: Այս մասին «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
«Իմունիզացման խորհրդում եղել է նման քննարկում, մենք այդ մարդկանց շուտով նման ծառայություն կմատուցենք: Մենք ունենք շատ ակտիվ կամավորական խմբեր, Կարմիր Խաչը, բժշկականի ուսանողները նույնպես պետք է ընդգրկվեն: Այս մարդիկ պետք է պատվաստվեն տեղում», – հայտարարել է Գամկղրելիձեն:
Գլխավոր համաճարակաբանը, որը կորոնավիրուսով վարակվել էր դեկտեմբերի վերջին, ասել է նաև, որ ինքը պատվաստվելու է Ջատկի տոներից հետո՝ մայիսին:
«Ապրիլի 29-ին ավարտվում է իմ քառամսյա, այսինքն՝ 120-օրյա ժամկետը: Հետո գալիս է Զատիկը: Ես կփորձեմ պատվաստվել Զատիկից անմիջապես հետո առաջին իսկ օրերին: Ես չեմ պատվաստվի այնպիսի պատվաստանյութով, որը խոսքուզրույց կառաջացնի բնակչության շրջանում: Ես կպատվաստվեմ որպես շարքային քաղաքացի», – ասել է Գամկղրելիձեն:
Ապրիլի 13-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ պատվաստվել է 22 090 մարդ:
Ներկայումս Վրաստանում հասանելի են AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը: Վրաստանն արդեն ստացել է հարյուր հազար դեղաչափ չինական Sinopharm պատվաստանյութը, այն նախատեսվում է օգտագործել այն բանից հետո, երբ դեղորայքը կստանա ԱՀԿ-ի թույլտվությունը, ինչն ակնկալվում է ապրիլի վերջին:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ին: Առաջին փուլում պատվաստում էին ամենառիսկային խմբին պատկանող անձանց՝ բժիշկներին, սակայն ցածր ակտիվության պատճառով պատվաստման ծրագիրն ընդլայնվել է և բժիշկներին ավելացվել են 65 տարեկանից բարձր անձինք, ապա նաև՝ 55 տարեկանից բարձր մարդիկ, ինչպես նաև դիալիզի ենթակա կամ օրգանների փոխպատվաստմամբ հիվանդները։ Ներկայումս Վրաստանը դադարեցրել է 55 տարեկանից ցածր անձանց պատվաստումը AstraZeneca-ով`թրոմբոէմբոլիայի հազվագյուտ, սակայն հնարավոր բարդության պատճառով: