Օրերս Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Ինչպիսին է կորոնավարակով պայմանավորված իրավիճակն Ախալքալաքի շրջանում Jnews-ը փորձեց ճշտել Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տնօրենից:

«Հիմա գալիս են թե՛ Հայաստանից, թե՛ Ռուսաստանից, ոչ մեզ են տեղեկացնում, ոչ էլ պարեկային ոստիկանությանը, ով է գալիս, ով է գնում, մենք տեղյակ չենք։ Սա է վախենալու, դա հիմք է հանդիսանում, որ վարակակիրները շատ լինեն։ Սակայն գլխավորը՝ մարդիկ չպետք է թուլացնեն պաշտպանիչ միջոցներ օգտագործելը, հիգիենան պաշտպանեն, ինչպես նաև հեռավորության կանոները չխախտեն», – ասում է Ավետիք Տոնականյանը։

Վերջինս նշում է, որ այս պահի դրությամբ շատ լավ է մեր շրջանի վիճակը:

«Եթե հիշում եք վարակի դեռ սկզբից էլ ինչքան լավ պաշտպանվեցինք, ամբողջ երկրում կային շատ հիվանդներ, իսկ մեր շրջանում հիվանդ չկար, հետո արդեն երկրորդ փուլին եղան շատ հիվանդներ։ Հիմա էլ դեռ չունենք հիվանդներ, օրական համարյա 100-150 թեստ ենք անում, մեկ դեպք չի բացահայտվում», – հավելում է նա։

Ներկա դրությամբ՝ ամեն 14 օրը մեկ շրջանի բոլոր ուսուցիչները Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնում թեստավորում են անցնում:

Տոնականյանը մտահոգ է, որ հանկարած մեծ քաղաքներից վարակը չբերեն Ախալքալաք:

Երրորդ փուլի կորոնավարակն ըստ մասնագետների դա բրիտանական շտամն է:

«Նույն վիրուսն է, որը մուտացիա է եղած, և ժողովուդը ավելի շուտ է վարակվում, եթե առաջ երիտասարդներից այդքան էլ չէինք վախենում, այս նոր շտամից նրանք էլ են վարակվում և հիվանդությունը դժվար են տանում»,- ավելացնում է Տոնականյանը։

2021 թվականի հունվար ամից մինչև հիմա Ախալքալաքում կատարվել է 1442՝ PCR և 6638՝ արագ հակամարմինների թեստ: