Վրաստանի գլխավոր վարակաբան Թենգիզ Ցերցվաձեն նախազգուշացնում է բնակչությանը կորոնավիրուսի երրորդ ալիքի վտանգի մասին: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և իմունաբանության կենտրոնի տնօրենը կարծում է, որ հաշվի առնելով վարակի դեպքերի ներկայիս աճը, առաջիկա օրերը «կրիտիկական» կլինեն Վրաստանի համար:
«Երրորդ ալիքը չպետք է թույլ տալ, քանի որ դա կհանգեցնի մեծ անհարմարությունների: Մասնավորապես, կլինիկական սեկտորում ծանրաբեռնվածություն կլինի, կլինեն նոր սահմանափակումներ, որոնք երկրի և տնտեսության համար ծանր կլինեն», – «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ցերցվաձեն:
Նա հիշեցրել է, որ պատվաստումը համավարակը դադարեցնելու միակ միջոցն է՝ մեկ անգամ ևս բնակչությանը հորդորելով չհետաձգել կորոնավիրուսի դեմ պատվաստվելը: Միևնույն ժամանակ, Ցերցվաձեն նշել է, որ հիվանդության հաջորդ ալիքի մեկնարկը Վրաստանում կարող է նաև լինել կանոնների և հանձնարարականների անտեսման արդյունք:
«Մենք գործնականում ընտրություն չունենք: Մենք հենց այսօրվանից պետք է սկսենք կրել դիմակներ, հրաժարվել մարդաշատ վայրեր այցելելուց և բոլորով գնալ պատվաստելու: Միայն այսպես մենք կհաղթահարենք երրորդ ալիքը», – ասել է նա:
Ապրիլի 10-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 18 287 մարդ: Ներկայիս տեմպը բավարար չէ երկրի բնակչության ավելի քան 60%-ը մինչեւ տարեվերջ պատվաստելու համար, որի շնորհիվ, ըստ փորձագետների, կձևավորվի կոլեկտիվ դիմադրողականություն:
Եվրոպայում արդեն մասամբ սկսված կորոնավիրուսի երրորդ ալիքը դեռ չի հասել Վրաստան, սակայն համաճարակային իրավիճակի վատթարացման առաջին նշաններն ակնհայտ են: Երկրում ամեն օր գրանցվում է միջինը 500-700 նոր վարակման դեպք: Փորձագետներն ասում են առողջապահության ոլորտի ավելացված ծանրաբեռնվածության մասին:
Ի պատասխան այս իրավիճակին Վրաստանի իշխանությունները հայտարարել են Զատկական տոները երկարացնելու մասին: Մայիսի 4-ից 11-ը հայտարարվում են ոչ աշխատանքային օրեր: Արդեն գործատուներին խորհուրդ է տրվել իրենց աշխատողներին տեղափոխել հեռավար աշխատառեժիմի:
Միևնույն ժամանակ, կառավարությունը նախազգուշացնում է, որ պատկան մարմիններըն էլ ավելի խստորեն են վերահսկելու վիրուսի տարածումը կանխելուն ուղղված բոլոր գործող կանոնակարգերի պահպանումը: