Կորոնավիրուսային վարակի դեպքերի աճի պատճառով Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել «պարետային ժամը» չեղյալ չհայտարարել:

«Միջգերատեսչական խորհրդի որոշման համաձայն` հիմնվելով ներկայիս համաճարակային իրավիճակի գնահատման վրա, այս փուլում ժամը 21:00-ից մինչև 05:00-ն տեղաշարժի սահմանափակումը դեռևս մնում է ուժի մեջ», – հայտնում են կառավարության վարչակազմից:

Վրաստանում 2020 թ.-ի նոյեմբերից ուժի մեջ են փողոցում ոտքով քայլելու և մեքենա վարելու սահմանափակումները: Ֆիզիկական անձանց համար «պարետային ժամը» խախտելու համար նախատեսված է 2 հազար լարիի չափով տուգանք:

Ներկայումս Վրաստանում արգելվում է նաև ավելի քան 10 հոգու մասնակցությամբ սոցիալական միջոցառումների անցկացումը: Ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է տարածք հատկացնել մասսայական միջոցառումների, հարսանիքների, հոգեհացերի և տարեդարձերի համար: Շաբաթ և կիրակի օրերին բոլոր հասարակական սննդի օբյեկտները կարող են աշխատել միայն առաքմամբ: Եվս մեկ սահմանափակումն էլ համընդհանուր դիմակային ռեժիմն է:

Երեկ Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել տաս օրով երկարացնել Զատկական տոները: Մայիսի 4-ից մայիսի 11-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր: Արդեն գործատուներին խորհուրդ է տրվել իրենց աշխատողներին տեղափոխել հեռավար աշխատառեժիմի:

Կառավարությունը խոստանում է, որ համապատասխան գերատեսչություններն էլ ավելի խստորեն կվերահսկեն վիրուսի տարածումը կանխելուն ուղղված բոլոր գործող կանոնակարգերի պահպանումը:

Միաժամանակ ընդգծվում է, որ երկրում վարակի դեպքերի աճը պահանջում է հատկապես պատասխանատու մոտեցում ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների կողմից: Ինչպես նշված է Միջգերատեսչական խորհրդում, երկրում լրացուցիչ սահմանափակումների ներդրումը կախված կլինի բնակչության կողմից բոլոր հանձնարարականների և կանոնների պահպանումից: