Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու ապրիլի 8-ի ուշ երեկոյան նրանց միացած ռազմագերիների հարազատները շարունակում են շրջափակած պահել Պաշտպանության նախարարության վարչական տարածքը, որտեղ աշխատողներն արդեն 24 ժամ չեն կարողանում դուրս գալ:
Այսօր՝ ապրիլի 9-ի առավոտյան Շիրակում գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները։
Փակ է ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:
«Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հարազատների վերադարձ, այլ պահանջ մենք չունենք»,-նշել է հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։
Պաշտպանության նախարարության ելքերն արգելափակված են ապրիլի 8-ի կեսօրից թե՛ ավտոմեքենաների, թե՛ հետիոտների համար, Գիշերը ՊՆ-ի մոտ անցկացրած մարդկանց խոսակցությունների համաձայն՝ վարչական համալիրի տարածքից (կամ տարածք) միայն ուղղաթիռ է թռել։
Նշենք, որ ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Հայաստանի փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։