Այսօր Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ այցելել էր Ախալքալաք՝ ենթակառուցվածքների զարգացման և նոր նախագծեր իրականացնելու նպատակով։

«Տարածաշրջանի մասշտաբով դիտարկում ենք հին նախագծերը, ինչպես նաև ծրագրում ենք նոր նախագծերի իրականացում, որոնք էլ կիրականացվեն տարածաշրջանային հիմնադրամի միջոցներով։ Ծանոթանում ենք բոլոր այն հարցերին, որոնք անհանգստացնում է մեր բնակիչներին և հույս ունենք, որ արագ տեմպերով կսկսենք այդ հարցերին լուծում տալ։ Ախալքալաքում նույնպես կան որոշակի ծրագրեր, որոնց համար մի քանի տարբերակ է մշակված, պետք է կատարվի փողոցների ասֆալտապատում, արտաքին լուսավորություն և տարբեր ենթակառուցվածքային աշխատանքներ», – JNEWS-ին հայտնեց նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

Ինչ վերաբերում է Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի ասֆալտապատմանը, ապա ճանապարհի կիսատ մնացած հատվածը հենց այս ամիս կաշխատեն արագ տեմպերով ավարտին հասցնել։ Մինչև «Կորխի ջուր» կոչվող հատվածում ճանապարհի ասֆալտապատման մի շերտն արդեն ավարտված է:

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիին, Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին Ախալքալաքում դիմավորեցին քաղաքապետն ու տեղակալը։

Ըստ Ախալքալաքի քաղաքապետի նախատեսվում է իրականացնել մի շարք հետաքրքիր և օգտակար նախագծեր։

«Լավ պլաններ կան, թե ստացվեց, ապա նախկին զինվորական ավանի համար դա կլինի փրկություն։ Ուզում են ասֆալտապատել ներսի ճանապարհները ամբողջությամբ ու մեծ այգի կառուցել։ Իրականում մենք ուրիշ ծրագրեր ունեինք, ուզում էինք քաղաքի կենտրոնում աշխատանքներ իրականացնել, սակայն նրանց նախագծով ծրագրված է կոմպակտ բնակելի վայր, որտեղ բազմահարկ շենքեր կան, մենք էլ զինվորական ավանն առաջարկեցինք», – տեղեկացրեց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

image-08-04-21-01-07

Ինչ վերաբերվում է Ախալցիխե-Ախալքալաք ավտոճանապարհին, ապա վերանորոգման աշխատանքները հնարավոր է սկսվեն հենց քաղաքից, որպեսզի ավելի շուտ մաքրվի քաղաքի կենտրոնը։

Գայանե Ակոջյան