Արդեն երեք օր է Ախալքալաքի շրջանի Խուլգումոյո գյուղում խմելու ջուր չկա, ինչպես նաև Կուլիկամի մի մասում: Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից հայտնում են, որ մինչև ուշ երեկո ջրամատակարարումը կվերականգնվի:
Բնակիչները բողոքում են, որ ինչպես կարելի է այս ցրտին երեք օր ջուր չունենալ, այն դեպքում, երբ ջեռուցման համակարգերը ջրով են աշխատում:
Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի ղեկավար Գիորգի Վախթանգիշվիլին պարզաբանում է. «Խողովակաշար էր վնասվել, հիմա օդ է մնացել և այդ օդերն ենք բաց թողնում առավոտվանից, պետք է, որ մինչև երեկո լինի։ Կուլիկամ գյուղի ճանապարհի ասֆալտապատումը ընդհանրապես կապ չունի խողովակի վնասման հետ։ Կուլիկամի այն հատվածը, որը կապված է Խուլգումո-Դիլիսկա-Չունչխա-Պտենա ջրագծին ջուր չունեն հիմա, իսկ մնացած մասը, որոնք քաղաքից կամ Դիլիսկա գյուղի մյուս ջրագծից են ստանում ունեն»:
Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո գյուղերում խմելու ջուրը կտրվել է, երեք օրվա ընթացքում ջուր եղել է միայն գիշերային ժամերին, այն շատ թույլ հոսքով: