Արդեն մի քանի ամիս է, ինչ Վրաստանում բենզինի գինն անշեղորեն աճում է: Վառելիքի որոշ տեսակների արժեքը մեկ լիտրի դիմաց գերազանցում է 3 լարին:
Նյութի հրապարակման պահին մեկ լիտր «Regular» վառելիքն արժեր մեկ լիտրի դիմաց 2,58-2,62 լարի, «Premium»-ը՝ 2,79-2,82 լարի, իսկ «Super»-ը՝ 2,88-2,92: «Super» կատեգորիայի որոշ տեսակներ նույնիսկ հասնում են 3,08 լարիի:
Միայն վերջին ամսվա ընթացքում բենզինը թանկացել է միջինը 15 թեթրիով: Մեկ տարվա ընթացքում գինն աճել է 60-70 թեթրիով: «Netgazeti»-ն փորձել է պարզել, թե ինչի հետ է պայմանավորված նմանատիպ գնաճը:
Նավթամթերք ներկրողների միությունից բացատրում են, որ գների աճը հիմնականում պայմանավորված է երկու գործոնով՝ արտաքին շուկաներում գնաճով և դոլարի նկատմամբ Վրաստանի ազգային արժույթի արժեզրկմամբ:
Թանկացումը միջազգային շուկայում
«Տարեսկզբից նավթամթերքների գինն անընդհատ աճում է: Փաստացի, դա գների բարձրացման հիմնական պատճառներից մեկն է», – «Netgazeti»-ն ասել է Նավթամթերք ներկրողների միության ղեկավար Վանո Մթվրալաշվիլին:
Ապրիլի 5-ին Լոնդոնի առաջատար ֆոնդային բորսայում կայացած առքուվաճառքի արդյունքում «Brent» տեսակի նավթի մեկ բարելը կազմել է 68,65 դոլար: Համեմատության համար նշենք, որ հունվարի սկզբին այն արժեր 50,73 դոլար:
Լարիի արժեզրկումը
Երկրորդ հիմնական պատճառը՝ Մթվրալաշվիլին անվանում է դոլարի նկատմամբ ազգային արժույթի արժեզրկումը:
«Վերջին ժամանակահատվածում լարին զգալիորեն արժեզրկվել է: Սա բացասաբար է ազդել բենզինի գնի վրա: Նավթամթերքը գնվում է դոլարով, սակայն վաճառվում է լարիով: Ըստ այդմ, լարիի արժեզրկումը բավականին մեծ դեր է խաղում», – ասել է նա: