Ախալքալաքի շրջանի Մուրջախեթ գյուղի վրացիներն ու հայերը հավատում են երկու քարերի սուրբ զորությանը, որոնք անվանում են «Կաթ քար», արդյունքում նրանք հրաշքներ են գործում:

«Բոլոր բժիշկները, պրոֆեսորները, մարդիկ զարմացած էին: Մենք հավատում ենք, այդ քարերի կախարդական ուժին»,- ասում է Արաքսին:

Մուրջախեթ գյուղի բնակչուհու ամուսինը, շատ տարիներ առաջ անբուժելի հիվանդացել էր, բժիշկները ապրելու հույս չեն տվել, Արաքսին աղոթել է «Կաթ քարերին», խնդրելով օգնություն, և այսօր նա խոսում է ամուսնու հրաշքով բուժման մասին:

Ախալքալաքի շրջանի Մուրջախեթ գյուղը գտնվում է Ախալքալաքին շատ մոտ, 15 րոպեի ճանապարհ է մեքենայով: Մուրջախեթը խառը բնակչությամբ գյուղ է, այստեղ ապրում են և հայեր և վրացիներ: Գյուղում անհիշելի ժամանակներից երկու քար կա, որոնք գյուղի բնակիչների խոսքերով սուրբ զորություն ունեն:
expair

Մարգո Ինասարիձեն այս գյուղում ապրում է արդեն 65 տարի, նա 80 տարեկան է: Մարգո Ինասարիձեն հավատում է այդ քարերի կախարդական ուժին:

«Ես չգիտեմ թե որ թվականին էր, սակայն շատ վաղուց էր: Ինձ պատմել է իմ սկեսրայրը, իսկ նրան՝ իր պապը: Առաջ Մուրջախեթը անվանվում էր Մուրջախեվի: Եղել են մի եղբայր և քույր: Որպեսզի թշնամին նրանց չսպանի քույրը աղոթում է Աստծուն, որպեսզի իրենց քար դարձնի: Այդպես էլ պատահում է: Երբ մթնում է, ես այդ քարի վրա տեսնում եմ լույս: Քարը ուներ գլուխ, բայց կոտրել են: Շատերին են օգնել այդ քարերը: Այլ վայրերից նույնպես գալիս են այստեղ աղոթելու և խնդրելու համար»,- ասում է Մարգո Ինասարիձեն:

Ավանդույթի համաձայն քարացման պահին քույրը կանգնած վիճակում է եղել, իսկ եղբայրը պառկած, այդ պատճառով քարերից մեկը հորիզոնական դիրքում է, իսկ երկրորդն՝ ուղղահայաց: Նրանք մեկը մյուսից բավական հեռու են գտնվում: «Քույրը» գտնվում է նախկին վրացական գերեզմանոցի տարածքում, իսկ «եղբայրը»՝ բնակիչներից մեկի բակում:

Ըստ գյուղի բնակիչների, քարերը սուրբ են և կատարում են բոլոր ցանկություններն ու խնդրանքները, հատկապես երիտասարդ մայրերի, ովքեր խնդրում են, շատ կաթ ունենալ իրենց մանուկների կերակրման համար: Այդ իսկ պատճառով քարերը ստացել են «Կաթ քար» անվանումը:

Գյուղի բանկչուհի Սեդա Ճորուխյանը երեք տարի առաջ քարի մոտ աղոթել է և խնդրել քրոջ համար:

«Նա ապրում է այլ քաղաքում: Նա չուներ կաթ, ես խնդրեցի այդ մասին «Կաթ քար»-ին, և նա ունեցավ կաթ»,- ասում է Սեդա Ճորուխյանը:

Բնակիչների խոսքերով, աղոթելու ժամանակ պետք է կանգնել մեջքը քարին հենած: Ըստ ավանդույթի անհրաժեշտ է, որ եղբայրը ու քույրը միասին աղոթեն: Եղբայր պետք է կանգնած լինի քարի արևելյան կողմում, իսկ քույրը` արևմտյան:

Բնակիչների խոսքերով, կրոնական տոներին գյուղի հայերն ու վրացիներն հավաքվում են միասին ու գնում քարերի մոտ:

Մուրջախեթ գյուղի բնակչուհի Ռիմա Ճորուխյանը ասում է, որ իրենց գյուղում հայերն ու վրացիները համերաշխ են ապրում: Հայ տղաները ամուսնանում են վրացի աղջիկների հետ, իսկ վրացի տղաները կնության են առնում հայ աղջիկների:

«Մենք հայերս ու վրացիները հավաքվում ենք միասին և զատիկին գնում ենք «Կաթ քար»-ի և խաչքարի մոտ: Մեր գյուղում կան շատ սրբավայրեր: Վրացիները նույնպես հավատում են այդ քարերի հրաշագործ զորությանը»,- ասում է Ռիմա Ճորուխյանը:

Մոտ 20 տարի առաջ Մուրջախեթ էին եկել «մարդիկ Թբիլիսիից» քարերը տանելու մտադրությամբ, սակայն դա նրանց չի հաջողվում:

«Պարան ամրացրեցին ուղղաթիռին, և ցանկանում էին դուրս քաշել քարերը գետնից, բայց չկարողացան: Երևի որևէ թանգարան էին ուզում տանել: «Եղբորը» նույնպես փորձեցին դուրս քաշել, բայց էլի չկարողացան: Երբ փորում էին «եղբոր» քարը, քարի շուրջը գտան շատ փոքր «Ղոչ քարեր»: Դրանք այն ոչխարներն էին, որոնք նույնպես քարացել էին եղբոր հետ միասին: Այդ մարդիկ ասացին, որ քարերը ինչքան դրսից են, այդքան էլ հողի տակ են: Ես չէի էլ ուզում, որ տանեին: Դրանք մերն են, ինչու պիտի տանեն»,- ասում է Ռիմա Ճորուխյանը:
xochkar

Վերևից, կարծես թե կրծքից «քրոջ» քարի ջուր էր հոսում, բայց այն հինգ տարի առաջ դադարեց հոսել: Բնակիչները չեն կարողանում բացատրել դրա պատճառը:
jur

Լուսյա Չիլաձեն պատմում է քարի «միացնող» ուժի մասին:

«Հուլիսի առաջին կիրակին մեր գյուղի տոնն է: Մենք բոլորս միասին, վրացիներն ու հայերս տոնում ենք այդ օրը, գնում ենք «Կաթ քարերի» մոտ և գյուղի բոլոր սուրբ վայրերը: Ոչ մեկի մտքով անգամ չի անցնում մեկին կշտամբել կամ տարբերել վրացի կամ հայ»,- ասում է Լուսյա Չիլաձեն:
xachkar

Թե ինչքանով են կարողանում քարերը բուժել դա հարց է, բայց սա մի պարզ օրինակ է այն բանի, թե ինչ հրաշքներ է գործում հավատքը և ինչպես է միավորում մարդկանց:

Շուշան Շիրինյան