Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Այս մասին այսօր լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

2021 թվականի փետրվարի 1-ից Վրաստանը վերացրել էր կանոնավոր ավիաչվերթների նկատմամբ կիրարկած բոլոր սահմանափակումները: Օտարերկրացիները կարող են Վրաստան ժամանել ինքնաթիռով, եթե ներկայացնեն կորոնավիրուսի PCR թեստ՝ բացասական արդյունքով: Մինչդեռ Վրաստանի ցամաքային սահմանները գործնականում փակ են՝ դրանցով թույլատրում են կամ Վրաստանի քաղաքացիներին, կամ օտարերկրացիներին, եթե նրանք պատվաստման ամբողջական կուրսն անցնելու փաստաթուղթ ներկայացնեն:

«Գլխավորը, ինչը կարող է ապահովագրել լարիի փոխարժեքի հետագա տատանումները, դա տնտեսության արագ վերականգնումն է: Դուք գիտեք, որ մենք գործնականում վերացրել ենք զբոսաշրջության վերականգնման համար հիմնական սահմանափակումները: Ընթացքի մեջ է պատվաստումը, որոնք խոչընդոտ կդառնան երրորդ ալիքի կանխարգելման համար: Զբոսաշրջությունը երկրին լրացուցիչ արժույթ կբերի: Այժմ մենք արդեն քննարկում ենք, թե ինչ պայմաններով կկարողանանք բացել ցամաքային սահմանները, և դա մեր ֆինանսական շուկայի լավ մեծացում կդառնա», – հայտարարել է Թուրնավան:

Զբոսաշրջության ոլորտը Վրաստանում կորոնավիրուսային համավարակի պատճառով ամենաշատն է տուժել: 2019 թվականին Վրաստանում զբոսաշրջությունը ռեկորդ է սահմանել՝ միջազգային ճանապարհորդների թիվը գերազանցել է 9,3 միլիոնը, իսկ ոլորտի եկամուտները կազմել են 3,3 միլիարդ դոլար: Բայց 2020 թ.-ին՝ համավարակի պատճառով, լոքդաունի և փակ սահմանների պատճառով, տուրիզմի ոլորտը գրեթե ամբողջությամբ դադարեցրել էր իր աշխատանքը: Զբոսաշրջության եկամուտները 2020-ին նվազել են՝ հասնելով 427,7 հազար ԱՄՆ դոլարի, և սա 1,7 միլիոն միջազգային ճանապարհորդների թվաքանակի դեպքում: