Խորհրդարանի բյուրոյի նիստում Վրաստանի Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունները կներկայացվեն մարտի 29-ին՝ 85 պատգամավորների ստորագրությամբ:

Սահմանադրական օրենքի անցումային դրույթների փոփոխությունների արտացոլումը նախատեսվում է երկու ուղղությամբ՝ 2024 թ.-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում 5% ընտրաշեմը կնվազի մինչև 3%:

Միևնույն ժամանակ, մինչև 2024 թ.-ը և 2024 թ.-ին ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդարանում խմբակցության անդամների նվազագույն թիվը կկրճատվի` հասնելով չորս պատգամավորի:

Ստորագրությունների իսկությունը ճշտելու համար խորհրդարանի բյուրոն կներկայացնի սահմանադրական օրենքի նախագիծը խորհրդարանական Ընթացակարգային հարցերի և կանոնների հանձնաժողով: Այս ընթացակարգն անցնելուց հետո խորհրդարանը սահմանադրական փոփոխությունների համազգային քննարկման համար կստեղծի կազմակերպչական հանձնաժողով և կսկսվի նախագծի հանրային քննարկման մեկամսյա գործընթացը:

Սահմանադրության հիմնական նորմերի համաձայն՝ 2024 թվականից սկսած խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով, և այս ընտրություններում Սահմանադրությունը սահմանում է 5 տոկոսանոց ընտրական շեմ:

Հատկանշական է, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է առնվազն 113 պատգամավորի ձայն: Տասներորդ գումարման խորհրդարանում 150 պատգամավորներից միայն 96-ն են իրենց պատգամավորական լիազորություններն իրականացնում: