Գարունն Ախալքալաքում սկսվեց ձյունառատ եղանակով, իսկ մարտի 24-ի գիշերվա տեղատարափը որոշ գյուղերում դարձավ ջրհեղեղի պատճառ, այդ թվում՝ Ախալքալաքի շրջանի Բոզալի գյուղում:

Թուրքիայի սահման տանող նախավերջին գյուղը՝ Բոզալին, գտնվում է թեքության վրա: Այստեղ տները հեռու են դասավորված միմյանցից: Տների դիրքը և թեքությունը պատկերացում չեն տալիս, որ այս տարածքը երբևէ կարող է հայտնվել ցեխաջրերի շարժիչ ուժի տակ:

Ախալքալաքի լեռներում ձնհալի շրջանն է: Գրեթե ամեն օր թաց ձյուն է տեղում, իսկ երկու օր առաջ երեկոյան տեղացած ուժեղ անձրևը՝ ջուրն ու ցեխը հավաքելով հեղեղել էր մի քանի տուն, որոնք գտնվում են ավելի ցածրադիր տեղանքում:

tun1

Գյուղում նման տները մի քանիսն են: Դժբախտությունը թակեց հենց այն տների դռները, որոնք հենց այնպես էլ սարսափելի վիճակում էին գտնվում:
Bozali tun 2

«Մեր մոտ այնքան ջուր էր, որ տանը հիմքերը ջրի մեջ էր: Մենք դույլերով ջուրը դուրս էինք թափում: Զրի տակ էին հայտնվել ալյուրը, հացը, գազի բալոնը, գարին… Մեր ամբողջ մթերքն այնտեղ էինք պահում: Եվ այսպես քանի-քանի անգամներ: Ջուրը հասնում էր մինչ պատուհանները: Անգամ տներից դուրս գալ հնարավոր չէր: Մենք ջուրը լցնում էինք փողոց, գյուղացիներին դա դուր չի գալիս, քանի որ քարերը մերկանում են, և երթևեկել հնարավոր չէ: Բայց մենք այլ տարբերակ չունենք: Երեկվանից փորձում ենք հատակները չորացնել, բայց արդյունք չկա: Ամեն տարի պատերը սվաղում ենք, խոնավության պատճառով ստիպված ենք նորից նորոգել», – ասում է Բոզալիի բնակիչ Ռուզան Ավետիսյանը:

bozali

chanaprh

Ջրհեղեղի հետևանքով տուժած որոշ տանտերեր գտնվում են կամ Հայաստանում կամ Ռուսաստանում, հարևանները չգիտեն, թե ինչ վիճակում են գտնվում նրանց տները ջրհեղեղից հետո: Ճանապարհը նույնպես սարսափելի վիճակում է, հսկայական սալաքարերը մերկացել են ու դուրս ցցվել: Գյուղում ասացին, որ երեկ նրանք փոխել են ջրի հոսքի ընթացքը, որն այլևս չի հոսի լանջով, սակայն ջրհեղեղից տուժած բնակիչները վստահ չեն դրանում:
tun bozali

bozli jur
Ճանապարհի ամենավերջին տանն ապրում է Փալոյանների ընտանիքը: Արդեն իսկ կիսախարխուլ տունը խոնավության մեջ է, ջուրը մեկ րոպե չի դադարում հոսել: Տանն ամենուր թասեր են ու ջրով լի այլ տարաներ: Նրանք ստիպված էին անտառից կոներ ու ճյուղեր հավաքել, որպեսզի տաքացնեին տունը: Աթարը, որով նրանք տաքանում են, թրջվել է, իսկ գազ այս գյուղում անցկացված չէ: Ինչպես տեղացիներն են ասում՝ դա ձեռնտու չէ:

«Ջրահոսքը սկսվեց թեքությունից՝ տրակտորից: Մենք մինչև հիմա դույլերով ջուր ենք դուրս հանում: Ջուրը եկել է սարերից՝ անձրևից հետո: Այսպես ամեն տարի չէ, հորդառատ անձրև տեղաց նախօրեին, անձրևից ձյունը հալվեց և ցեխաջրով հոսեց դեպի գյուղ: Կոյուղային ջրատարները չկարողացան հաղթահարել հոսքը և կանգնեցնել այն: Երեկ քաղաքից եկան, նկարեցին: Երիտասարդ տղաներ էին, ասացին՝ քեռի մենք ֆինանսապես կօգնենք», – ասում է Փալոյան Կիմը:

Տեղական իշխանությունները մեզ հայտնեցին, որ տուժածները օգնություն կստանան պահուստային ֆոնդից:

«Ես մասնագետներին հանձնարարել եմ նույնականացնել տուժածներին և կազմել արձանագրություններ: Նախնական տեղեկություններով՝ Սուլդա գյուղում վնասվել է երկու տուն, Բոզալի գյուղում՝ 4-5 տուն: Տարբեր աստիճանի վնաս է հասցվել: Կան տներ, որոնք ջրի տակ 30-40 սմ են եղել, իսկ կան նաև՝ ավելի քիչ, եղել է, որ հաջողվել է ինչ-որ բան փրկել: Քաղաքապետարանը կօգնի: Կա պահուստային ֆոնդ, որը գնահատում է բնական աղետը: Եղել է քաղաքապետարանից հանձնաժողովը: Մենք լուսանկարներով արձանագրություններ կկազմենք: Այնպես չէ, որ բոլորը կարողանան ասել, որ իմ տունը հեղեղվել է, և միայն դա արդեն բավական կլինի», – ասում է Սուլդա վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանը:

Քրիստինե Մարաբյան