Վրաստանում վերանայվել են AstraZeneca դեղամիջոցի օգտագործման պայմանները՝ COVID-19-ի դեմ պատվաստումների ժամանակ ծանր բարդության առաջին դեպքից հետո: Այս մասին հայտարարել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
«Առավելագույն անվտանգության ապահովման նպատակով մենք որոշում ենք կայացրել, որ AstraZeneca—ի դեպքում պատվաստման գործընթացը կշարունակվի բազմապրոֆիլ կլինիկաների մակարդակով», – հայտարարել է Գաբունիան:
Նա պարզաբանել է, որ խոսքը երկրի մասշտաբով 40 հիվանդանոցների մասին է, որտեղ վերակենդանացման բաժանմունքներ կան: Ամբուլատորիաներում պատվաստումներ չեն անի:
«Երեկվա դեպքը մեզ ցույց տվեց, որ անաֆիլակտիկ ռեակցիան տեսականորեն հնարավոր է եւ կապված է պատվաստման գործընթացի հետ: Դրանից ելնելով ավելի անվտանգ կլինի այդ գործընթացի շարունակությունը բազմապրոֆիլ կլինիկաներում», – հայտնել է առողջապահության փոխնախարարը:
Գաբունիայի խոսքով՝ հաշվի առնելով փոփոխությունները, վերանայվել են Առողջապահության նախարարության հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով պատվաստման համար գրանցված որոշ բուժաշխատողների գրանցումները:
«Բոլոր գրանցումները, որոնք կատարվել են մեր գործընկերների կողմից ամբուլատորիաներում, այսօր կփոխվեն եւ կբաշխվեն բազմապրոֆիլ կլինիկաներում, 40 կլինիկաներում, որտեղ կան վերակենդանացման բաժանմունքներ», — հավելել է նա:
Վրաստանում մարտի 15-ին սկսվել է COVID-19 պատվաստումը: Առողջապահության նախարարության վերջին տվյալներով, պատվաստանյութի չափաբաժինը ստացել է 3 642 մարդ, իսկ եւս մոտ 5,5 հազար մարդ գրանցվել է պատվաստման նպատակով:
Մարտի 18-ին երկրում արձանագրվել է պատվաստումների ժամանակ առաջին ծանր բարդությունը: AstraZeneca դեղամիջոցով պատվաստումից հետո Ախալցիխե քաղաքից 27-ամյա բուժքրոջ մոտ, ենթադրաբար, անաֆիլակտիկ շոկ է զարգացել: Բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը: