Վրաստանի իշխանությունների որոշմամբ, մարտի 15-ից երկրում կվերացվեն համաճարակային վիճակի վատթարացման պատճառով կիրարկված ևս մի քանի սահմանափակումներ:

Երկուշաբթի օրվանից.

Վերաբացվում են մարզադահլիճները, ֆիթնես կենտրոնները:

Բարձրագույն ուսումնական հաստատությունները և արհեստագործական ուսումնարանները կկարողանան ամբողջությամբ վերսկսել առկա դասապրոցեսը և դասախոսությունները կաանցկացվեն լսարաններում:

Դպրոցական խմբակները կվերսկսեն իրենց գործունեությունը:

Թատրոնները, սպորտային ակումբները և պրոֆեսիոնալ համույթները կկարողանան վերսկսել փորձերն ու մարզումները, իսկ ապրիլի 1-ից կկարողանան վերադառնալ լիարժեք աշխատառեժիմին:

Փետրվարի 24-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել էր կորոնավիրուսային համավարակի արդյունքում գործարկված գրեթե բոլոր կովիդ-սահմանափակումները վերացնելու փուլային ծրագիրը:

Մարտի 1-ից վերաբացվել էին թանգարաններն ու գրադարանները, վերսկսվել էր մանկապարտեզների աշխատանքը, թույլատրվել էր անցկացնել համաժողովներ և թրեյնինգներ, ինչպես նաև համալսարաններում և արհեստագործական ուսումնարաններում քննությունները հանձնել տեղում, նաև տեղում անցկացնել կլինիկական, գործնական և լաբորատոր աշխատանքները:

Մարտի 8-ից Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերում իրենց աշխատանքն էին վերսկսել ճոպանուղիները, ինչպես նաև բոլոր ռեստորաններում և սրճարաններում թույլատրվել էր աշխատանքը փակ տարածքում (բացի շաբաթ և կիրակի օրերից), իսկ առևտրի կենտրոններն ու հագուստի շուկաներն այլևս կարող են աշխատել նաև հանգստյան օրերին:

Դեռևս հայտնի չէ, թե Վրաստանում երբ կհանվի պարետային ժամը (երեկոյան 21:00-ից մինչև ժամը 05:00-ն տեղաշարժի արգելքը): Իրավախախտների համար տուգանքը 2 հազար լարի է (600 ԱՄՆ դոլար) կազմում: