Ընդդիմության հետ բանակցությունների ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դիրքավորվելու է որպես արդյունքի վրա կենտրոնացած ​​կուսակցություն, որը կոնկրետ որոշումներ է կայացնելու։ Այս մասին այսօր կառավարության վարչական շենքում կայացած ճեպազրույցում հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլին հայտարարությունը կատարել է շվեդ դիվանագետ Կրիստիան Դանիելսոնի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո, ով ժամանել է Վրաստան՝ վերահսկելու իշխող կուսակցության և ընդդիմության քաղաքական երկխոսությունը:

«Եվս մեկ անգամ ուզում եմ արտահայտել և ֆիքսել իմ լիակատար պատրաստակամությունը մեր թիմի, մեր կուսակցության անունից` կապված այն բանի հետ, որ մենք կլինենք արդյունքի վրա կենտրոնացած կուսակցություն, որը կկայացնի կոնկրետ որոշումներ: Բնականաբար, մենք այդ մասին հայտարարել ենք բազմիցս, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով, ընդդիմության հետ տարբեր հանդիպումներում: Այս հանդիպումից հետո ես ևս մեկ անգամ ուզում եմ հաստատել այս պատրաստակամությունը», – ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետը ողջունել է Դանիելսոնի այցը Թբիլիսի՝ նշելով, որ նա շատ փորձառու դիվանագետ է:

«Նա շատ լավ ծանոթ է Վրաստանին, և մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը հնարավորինս արագ կավարտվի, մենք հույս ունենք կառուցողական երկխոսության և մեր ընդդիմության կառուցողականության»,- ընդգծել է Ղարիբաշվիլին:

Ճեպազրույցի ընթացքում հայտնի է դարձել նաև, որ Ղարիբաշվիլին ինքը չի մասնակցելու երկխոսությանը: Վարչապետի խոսքով՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և փոխխոսնակ Կախա Կուճավան կմիանան իշխող կուսակցության կողմից բանակցությունների գործընթացին:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնն առաջին հանդիպումն անցկացրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: