JNEWS-ը «Ջավախքի համը» շարքում ներկայացնում է Ջավախքի առաձնահատկությունները ցույց տվող տարբեր ուտեստներ։ Համային և մշակութային բազմազանության մեջ մենք շեշտադրում ենք ջավախքցուն, ով դարեր ի վեր սերնդե սերունդ փոխանցում է իր մշակույթը՝ լինի արվեստ, գրականություն, թե խոհանոց։
Այսօր մեր շարքում ընդգրկել ենք ջավախքյան տապակած կաթբանջարը։
Մեզանից շատերին անծանոթ այս բույսին Ջավախքի Սամսար գյուղում կաթբանջար են անվանում։ Նրանք ամեն տարի մայիս-հունիս ամիսներին հավաքում և ինչպես իրենք են ասում՝ կաթբանջար են եփում։
Մասիս Հարությունյանը երկար տարիներ ապրելով արտերկրում ամեն տարի այցելում է Ջավախք, հայրենի Սամսար գյուղ, անձամբ հավաքում և պատրաստում կաթբանջար: Չմոռանալով հավաքածի մի մասն էլ իր հետ արտերկիր տանել՝ այնտեղ ապրող ընկերներին ծանոթացնելու հայրենի գյուղի համ ու հոտին։
Այսօր նա JNEWS-ի համար կպատրաստի տապակած կաթբանջար։
Մասիսը կաթբանջարի պատրաստման եղանակը սովորել է տատիկից: Ամեն ինչ անում է հենց այնպես ինչպես իր մանկության տարիներին տատիկն է արել։ Մասիսը ոչ միայն չի մոռացել, այլ նաև՝ իր երեխաներին, ընկերներին և ծանոթներին է սովորեցրել տարատեսակ ջավախքյան կանաչիների պատրաստման եղանակը։
Ինչպես Մասիսն է ասում. պատրաստման համար կես կիլո Սամսարի ձորից հավաքած կաթբանջարը նախ պետք է եռացնել, այնուհետև տապակի մեջ հալեցնել յուղ, խաշված կաթբանջարը և մի պտղունց աղ ավելացնել տապակի մեջ: Փոքր ինչ տապակելուց հետո վրան ավելացնել 5-6 հարած ձու և անընդհատ խառնել, որպեսզի այն հավասարաչափ տարածվի կաթբանջարի մեջ: Տապակել 5 րոպե և յուրահատուկ այս կերակուրը կարող եք համտեսել։