Երեկ միջադեպ է տեղի ունեցել Մարտվիլիում՝ Ճղոնդիդիի թեմում, որի ընթացքում վնասվածքներ են ստացել մի քանի հոգի, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Վրաստանի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ թեմի հոգեւորականության ու հավատացյալների միջեւ ընդհարում է տեղի ունեցել:
Տարաձայնության պատճառը Ճղոնդիդիի թեմի նորանշանակ երեց Ստեփանեի որոշումն էր՝ արգելել տեղի երկու հոգևորականներին՝ Կոնստանտինե Գաբիսոնիային և Պետրե Գուդուշաուրիին, պատարագ մատուցել:
Այս որոշումը հոգևորականը կայացրել է այն բանից հետո, երբ այս քահանաները, չնայած գրավոր և անձնային նախազգուշացումներին, հրաժարվել էին ծառայել թեմի նոր երեցի հետ միասին:
Հավատացյալների մի մասը պահանջում է, որ նորանշանակ երեց Ստեփանեն անհապաղ լքի թեմը: Մի քանի տասնյակ մարդիկ փորձել էին ներխուժել նստավայրի այն սենյակը, որտեղ երեցը հանդիպում էր անցկացնում հոգևորականների հետ:
Այս բախման ընթացքում ճնշում էր առաջացել, և թեմի երկրորդ հարկում գտնվող պատշգամբի փայտե բազրիքը փլվել էր: Արդյունքում, մի քանի մարդ պատշգամբից ցած էր ընկել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց մեջ են նաև «Ֆորմուլա», «POST TV», «Պիրվելի» և «Ռուսթավի -2» հեռուստաընկերությունների լրագրողները:
Լրագրող Բերդիա Կալանդիան սոցիալական ցանցում արձագանքել է Ճղոնդիդիի թեմում տեղի ունեցած միջադեպին.
«Տուժել են «Պիրվելի»հեռուստաընկերության լրագրող Պապունա Շուշանիան և «Ռուսթավի-2» հեռուստաընկերության օպերատորը: «Մթավարի» հեռուստաընկերության լրագրողին հարվածներ են հասցվել: Մարդկանց պատշգամբից ցած են նետել: Ո՞ւր է պատրիարքը: Միթե՞ չեք ամաչում», – գրում է Կալանդիան: