Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD) հինգ տարվա ընթացքում Վրաստան է ուղղել 65 միլիոն լարիի ներդրումներ՝ «Գյուղատնտեսության այժմեականացում, շուկաների հասանելիություն և ճկունություն» (AMMAR) ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է երկրի Գյուղատնտեսության նախարարությունը:
IFAD-ը Վրաստանում աշխատում է 1997 թվականից և հանդիսանում է Վրաստանի գյուղատնտեսական համակարգի ամենակարևոր դոնորներից մեկը, որն արդեն իրականացրել է հինգ նախագիծ՝ 185 միլիոն դոլար ընդհանուր արժեքով:
Վրաստանում «IFAD»-ի թվով հինգերորդ ծրագիրը, որը կոչվում է «AMMAR», մեկնարկել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով մեծացնել գյուղական բնկաչության եկամուտները:
Ծրագրի բաղկացուցիչ մաս կազմող «Ոռոգում և ենթակառուցվածքներ»-ի շրջանակներում իրականացվել են ութ ոռոգման համակարգերի նորոգումներ, որոնց արդյունքում բարելավվել է ջրամատակարարումը մինչև 6486 հա տարածքի վրա, որն օգտագործվում է մոտ 4,5 հազար ընտանիքի կողմից:
Շինարարական աշխատանքներն իրականացվել են ինը ենթակառուցվածքային օբյեկտներում: Բարելավվել և կառուցվել են գյուղական ճանապարհներն ու կամուրջները: Մոտ 3 հազար ընտանիք օգտվում է արդիականացված ենթակառուցվածքներից:
Ծրագրի շրջանակներում՝ Կախեթիում, գետի վրա կառուցվել են ափամերձ երկու ամբարտակներ, որոնք 320 հա գյուղատնտեսական հողամասեր պաշտպանում են ջրհեղեղումից: Շիդա Քարթլիի և Կախեթիի շրջաններում գցվել է 26 կմ հողմապաշտպանիչ գծեր, որի արդյունքում 1410 հա տարածք կպաշտպանվի քամու էրոզիայից:
Բացի այդ, 591 դրամաշնորհ է տրվել՝ առաջնային արտադրությանն աջակցելու համար, իսկ 13 դրամաշնորհ էլ՝ վերամշակող ձեռնարկությունների համար:
«Երիտասարդ ձեռներեցի ծրագրի» շրջանակներում ֆինանսավորում է ստացել 241 հոգի: Կազմակերպվել է 17 ցուցահարթակ, որտեղ ավելի քան 2,4 հազար մարդ անցել է տեսական և գործնական դասընթացներ:
Աղբյուրը՝ bizzone.info