Ախալքալաքի շրջանում ֆերմերները կրկին բախվել են կարտոֆիլը վաճառելու խնդրին: Մունիցիպալիտետում չիրացված կարտոֆիլը շատ է, իսկ գնորդները՝ քիչ:
Ախալքալաքցի հողագործները հիմնականում իրենց կարտոֆիլը վաճառում են գարնանը, քանի որ գարնանն աշնան համեմատ գինը բարձրանում է: Այս տարի, սակայն, մարդիկ սկսել են ավելի անհանգստանալ, որ չեն կարողանում իրացնել կարտոֆիլը:
Անցյալ տարի շատերը չկարողացան մեկնել Ռուսաստան ատագնա աշխատանքների և սկսեցին հողագործությամբ զբաղվել, արդյունքում, շրջանում ցանքատարածույթունների թիվը, և, համապատասխանաբար, բերքն ավելացավ:
Այս տարի պահեստներում շատերի կարտոֆիլը փտում է, վնասը մեծ է, դրան էլ ավելացավ իրացման խնդիրը: Գյուղացիները կարտոֆիլի վաղ փչացման պատճառը վերագրում են անձրևային եղանակներին, որի պատճառով կարտոֆիլի խոնավությունն չափից շատ է: Մարդիկ չգիտեն ինչպես վարվեն, շատերն վարկեր ու պարտքեր ունեն:
Փոքր Սամսար գյուղից Վասիլ Ավագյանը 60 տոննա կարտոֆիլ ունի վաճառելու: Նա գյուղում միակը չէ, ով մտահոգված է իրացման խնդրով:
«Գյուղում շատ կարտոֆիլ կա, բայց գնորդ չկա: Ես 4 օր Ախալցիխեում էի, նոր եմ եկել, 4 օրում 2,5 տոննա կարտոֆիլ եմ վաճառել 25 թեթրիով, սերմացու կարտոֆիլ: Հիմա պիտի կարտոֆիլը քաղաքին մոտակա գյուղերում վերջանա, որպեսզի գնորդները մեզ հասնեն, այդ գյուղերում էլ այս տարի շատ կարտոֆիլ կա, իսկ գնորդ չկա», – ասում է Վասիլ Ավագյանը:
Սարգիս Գալստյանը Կոկիո գյուղից է: Ըստ նրա, գյուղի կարտոֆիլի 80% -ը դեռ չի վաճառվել:
«Շատ կարտոֆիլ կա: Նրանք, ովքեր հնարավորություն ունեն տանում են վաճառելու այլ քաղաքներ, իսկ ես դրա հնարավորությունը չունեմ, տեխնիկա չունեմ, ու սպասում եմ, մինչև նրանք (խմբ. գնորդները) գյուղ կգան», – ասում է Սարգիս Գալստյանը:
Ոչ բոլորն են համաձայն կարտոֆիլը վաճառել ցանկացած գնով, ինչ է այն վաճառվի:
Վարեւան գյուղից Միշա Ստեփանյանը սպասում է կարտոֆիլի գնի բարձրացմանը:
«Ճիշտ է, այդպիսի խնդիր կա, բայց մեր (խմբ. Նկատի ունը Վարևան գյուղը) կարտոֆիլը վաճառվում է, քանի որ այն շատ լավն է: Այսօր ես գյուղում 2-3 մեքենա եմ տեսել: Ես վաճառել եմ 75 թեթրիով, բայց հիմա ես սպասում եմ գնի բարձրացմանը: Ես դեռ 40 տոննա ունեմ: Գյուղում բոլորն ունեն կարտոֆիլ: Լսել եմ, որ արդեն գնորդներ են գալիս Թուրքմենստանից», – ասում է Միշա Ստեփանյանը:
Այլ ֆերմերները նույնպես տեսել են Թուրքմենստանից և Ռուսաստանից գնորդների: Ճիշտ է, նրանք շատ չեն, բայց նախկինում ընդհանրապես չկային: Հիմնականում նրանք գնում են Չամդուրա գյուղ, որտեղ հողագործները կարտոֆիլ շատ են մշակում:
«Այո, իրացման խնդիրը կա, բայց արդեն մեկ շաբաթ է, ինչ բեռնատարներ են գալիս Թուրքմենստանից և Ռուսաստանից: Այս տարի շրջանում իրոք շատ կարտոֆիլ կա, և սերմացու, և ուտելու: Նրանք գործարարներ են, Թբիլիսի են եկել մրգերի՝ խնձորի համար, իսկ մեր մոտ՝ կարտոֆիլի համար: Գյուղում միջինը 1500 տոննա կարտոֆիլ կա վաճառքի », – ասում է Արմիկ Մուրադյանը:
Ըստ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության գյուղական զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, իրացման խնդրի պատճառը համավարակն է, քանի որ պահանջարկը քիչ է՝ ռեստորանների և հյուրանոցների չաշխատելու պատճառով:
«Չկան զբոսաշրջիկներ, ռեստորաններն ու սրճարանները չեն աշխատում: Բացի այդ, մեր կարտոֆիլը մրցունակ չէ: Թուրքական կարտոֆիլը և լավն է, և էժան է: Ես ինքս 60 տոննա վաճառքի կարտոֆիլ ունեմ», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Մունիցիպալիտետում կարտոֆիլի գինը 45-ից 70 թեթրի է՝ կախված որակից: Շատ ֆերմերներ ասում են, որ իրենց համար ձեռնտու է վաճառել առնվազն 60 թեթրիով:
Գյուղատնտեսության գծով փորձագետ Սալոմե Գելաշվիլին կարծում է, որ համավարակն իրոք ազդել է երկրի պահանջարկի վրա, բայց խնդիրն այլ բանի մեջ է:
«Մենք շատ ապրանքներ ներմուծում ենք, իրականում հնարավոր էր այս պահին մեր արտադրանքը օգտագործել, այլ ոչ միայն ներմուծել: Վրաստանում սպառման շուկաները չկարողացան այս ամենը կազմակերպել այնպես, որ այդ ապրանքներն այստեղ վաճառեն, իսկ մեր արտադրանքը պետք է պահանջարկ ունենա, պարզապես խնդիրն այն է, որ երբեմն այն ավելի թանկ է, քան ներմուծվածը: Բայց հիմա, կապված այն բանի հետ, որ արժույթը թանկացել է, ներմուծումը նույնպես շատ թանկ է դարձել, ինչի պատճառով նման խնդիր պետք է չլինի », – ասում է Սալոմե Գելաշվիլին:
Կարտոֆիլագործներին մնում է սպասել գնորդներին և կարտոֆիլի գների բարձրացմանը: Իսկ մինչ նրանք սպասում են, կարտոֆիլն էլ ավելի է փչանում: