Այսօր՝ փետրվարի 15-ին, սկսվել է երեք ամսով Գերմանիայի աշխատաշուկայում ժամանակավոր օրինական աշխատելու համար Վրաստանի քաղաքացիների գրանցումը: Սեզոնային աշխատանքները Գերմանիայում կսկսվեն ապրիլի 1-ից: Գրանցումը բաց կլինի ամբողջ տարվա ընթացքում:
Գրանցումը հասանելի է գյուղատնտեսության ոլորտում սեզոնային աշխատանքների համար: Դիմորդը պետք է գրանցվի հատուկ կայք-էջում` http://workabroad.moh.gov.ge/:
Սեզոնային աշխատանքի դիմողը պետք է լինի Վրաստանի քաղաքացի և համապատասխանի հետևյալ պահանջներին.
1. Տարիքը՝ 18-ից 60 տարեկան,
2. Գերմանիա մեկնելուց առաջ 3 ամսվա ընթացքում չի մեկնել Շենգենյան գոտու երկրներ,
3. Ֆիզիկապես առողջ,
4. Պետք է ունենա բերքահավաքի աշխատանքներում փորձ և մոտիվացում,
5. Երկիր երկրորդ անգամ մուտքը սահմանափակող որևէ պատճառի (խախտման) բացակայություն,
6. Հաղորդակցման տարրական հմտություններ գերմաներեն կամ անգլերեն լեզուներով (խմբային աշխատանքի դեպքում մեկ մասնակից գոնե պետք է կարողանա հաղորդակցվել գերմաներեն կամ անգլերեն լեզուներով):
7. Գերմանիայում աշխատելու տևողությունը մեկից երեք ամիս է, աշխատանքային գրաֆիկը շաբաթը հինգից վեց օր է` օրական ութից տաս ժամ:
8. Նվազագույն աշխատավարձը (փոխանցված) մեկ ժամում 9,50 եվրո է` հարկերը, սննդի և բնակության ծախսերը չհաշված:
«Գրանցվելուց հետո Զբաղվածության խթանման պետական գործակալության աշխատակիցները, եթե կոնկրետ թափուր աշխատատեղի վերաբերյալ տեղեկություններ են ստանում, ապա կապ են հաստատում աշխատանք փնտրողների հետ: Սպասարկման կենտրոն ներկայանալու ժամանակ, դիմումատուն պետք է ունենա անձը հաստատող էլեկտրոնային քարտ և (կամ) Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր:
Կոնկրետ թափուր աշխատատեղի համար դիմողների տվյալները տրամադրվում են գերմանացի գործատուին, ով ընդունում է աշխատանքի ընդունման վերջնական որոշումը: Որոշումը հաղորդվում է յուրաքանչյուր դիմորդի: Գերմանացի գործատուի դրական պատասխանի դեպքում կազմվում է աշխատանքային պայմանագիր, որը կողմերի միջեւ կստորագրվի մինչ Գերմանիա մեկնելը», – ասվում է Առողջապահության և աշխատանքի նախարարության հայտարարության մեջ:
2020 թվականի հունվարի 17-ին, Զբաղվածության խթանման գործակալությունը և Գերմանիայի Զբաղվածության դաշնային գործակալությունը (BA) համաձայնագիր էին ստորագրել «ԳԴՀ-ում սեզոնային աշխատանքներին Վրաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորման մասին», որը առաջացրել է Վրաստանի քաղաքացիների համար Գերմանիայում օրինական աշխատանքի իրավական հիմք: Աշխատանքի տեղավորման ծառայությունները ամբողջովին անվճար են: