Ախալքալաքում Google maps-ով Ջավախեթի փողոցը գտնել չի ստացվի, սակայն, եթե գնաս այդ փողոց և նույն Google maps-ով փնտրես քո գտնվելու վայրը, ապա այն կհուշի, որ Բուխաիձե փողոցում ես հայտնվել, այնինչ նման փողոց այստեղ չկա: Ախալքալաքի փողոցների սխալ անվանումները Google maps-ում մի քանիսն են:
Այսպիսով, Ախալքալաքի Միկոյան փողոցի ցուցանակի վրա գրված է Միկոյան, իսկ Google maps-ում վրացերենով գրված է Միքոիանիս քուչա, իսկ ռուսերենով՝ Միկոիանիձե։
Google maps-ում հնարավոր չէ գտնել նաև Մյասնիկյան փողոցը, քանի որ այնտեղ գրանցված է «Միանսիկիան»:
Ինչ վերաբերում է Ախալքալաքի գլխավոր ճանապարհներից մեկին՝ Ջավախեթի փողոցին, ապա Google maps-ում ընդհանրապես չկա այդպիսի փողոց, Ջավախեթիի փոխարեն գրված է Բուխաիձե:
Ախալքալաքի քաղաքապետից տեղեկացանք, որ այսպիսի անվանումների մասին քաղաքապետարանում տեղյակ չեն, սակայն կզբաղվեն այս հարցով, որպեսզի անվանումները Google maps-ում ուղղվեն։
Անվանումների ճշգրտությունը կարևոր է, նախ որպեսզի չաղավաղի անվանումները, և հետո էլ, որպեսզի որոնողները ճիշտ գտնեն փողոցները։