Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչներն այսօր որոշել էին բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքերին հարակից տարածքներում։ Պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր։ Ոստիկանությունը մեծ ուժեր էր կուտակել այդ փողոցներում, երթևեկությունը դադարեցվել էր։ Ոստիկաններն ամբողջությամբ շրջափակել էին կառավարության բոլոր մասնաշենքերը։ Բողոքի ակցիայի տասնյակ մասնակիցներ տարվեցին ոստիկանական բաժիններ։ Արդեն երեկոյան կայացել է անհնազանդության հերթական քայլերթը Երևանի փողոցներով:
«Մեկ անգամ եւս պահանջում ենք, որ մաս չկազմեք այդ դավաճանի ծրագրերին, հիշեք ձեր այն ընկերներին, որոնց պատերազմի օրերին տարան ու թողեցին անտեր ու անհաց վիճակում։ Հիշեք Շուշիի ձեր գործընկերներին, հիշեք, որ մենք էս ամեն ինչը անում ենք նաեւ հանուն ձեր երեխաների համար։ Դուք շատ լավ գիտեք, որ այդ ապօրինի հրահանգները կատարելով մեր երկիրը ավելի եք խորտակման տանում»,- ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, դիմելով ՀՀ ոստիկանապետին:
Նա պահանջել է, որ ոստիկանապետը իջնի եւ բոլորին բացատրություն տա ավելի վաղ Կառավարության 3-րդ շենքի մոտ կատարած ապօրինությունների համար։
«Այսօր դուք ձեզ պահել եք լկտի, խուլիգանի պես։ Եթե ձեզ թվում է, որ Քոչարյան Անդոյի, շիշ բռնողի եւ մյուս սրիկաների հրահանգով պետք է կրակեք ժողովրդի վրա ու վախեցնեք՝ սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ մենք նահանջելու ենք՝ սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ մենք կգնանք սադրանքի, որպեսզի բախման տանեք ու նոր արյուն թափեք Երեւանում՝ էլի սխալվում եք»,- հայտարարել է Սաղաթելյանը։
Նշենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:
Մինչ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր նախարարության շենքում, ոստիկանները սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել քաղաքացիներին՝ առանց որեւէ նախազգուշացման։
Նշենք, որ քաղաքացիներն այդ պահին կանգնած էին ոչ երթեւեկելի հատվածում, եւ իրենց դժգոհությունն էին հայտնում Նիկոլ Փաշինյանի առնչությամբ։
Ժամը 13։00-ի դրությամբ 57 քաղաքացի էր բերման ենթարկվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին տեղի ունցած հանրահավաքի ժամանակ Հայաստանի ընդդիմության առաջնորդները հայտարարել են անհնազանդության գործողություններ սկսելու մասին։