2021 թվականի հունվարին, 200 խոր/մ-ից պակաս բնական գազ օգտագործած Ջավախքի բաժանորդների թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2,64% -ով: Պետությունն այդ ծախսերը մարում է կոմունալ ծառայությունների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում:

Ըստ Ջավախքի «SJGC» գազաբաշխիչ ընկերության, 2021 թ.-ի հունվարին 17402 բաժանորդից Ջավախքում սուբսիդավորումից օգտվել է 7760-ը, որից 4646-ը՝ Ախալքալաքի, իսկ 3 114-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Այս բաժանորդներն ընդհանուր հաշվով սպառել են 905 098 խորանարդ մետր գազ, որը կազմում է 258 962.67 լարի: Ախալքալաքի մունիցիպալիտետում ծախսվել է 575 395 խոր/մ գազ, որը կազմում է 100 046.67 լարի, Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 329 703 խոր/մ գազ, կազմում է 158 916 լարի:

Տոկոսային հարաբերակցությամբ, սուբսիդավորումը վերաբերել է Ջավախքի բաժանորդների 44,59% -ին, ինչը 2,64% -ով պակաս է նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ:

Անցյալ տարվա դեկտեմբերին սուբսիդավորումից օգտվել էր Ջավախքի բաժանորդների 47,23% -ը:

Հիշեցնենք, որ COVID-19- ի տարածման բարդ իրավիճակի պատճառով, Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել ևս 4 ամիս փակել բաժանորդների կոմունալ ծախսերը: Այս արտոնությունից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր ամսական օգտագործում են ոչ ավելի, քան 200 խորանարդ մետր բնական գազ և 200 կվտ էլեկտրաէներգիա:

Նշենք նաև, որ Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային հանձնաժողովը (GNERC), կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, կոմունալ վճարումների էլեկտրոնային կտրոնների պարտադիր օգտագործման մասին որոշում էր կայացրել:

Էլեկտրաէներգիա, բնական գազ և խմելու ջուր սպառողները կոմունալ ծառայությունների էլեկտրոնային կտրոնները պիտի ստանային համապատասխան կոմունալ ծառայությունը մատուցող ընկերությունում գրանցված բջջային հեռախոսահամարին՝ SMS կարճ տեքստային հաղորդագրության միջոցով, սակայն Ախալքալաքի մունիցիպալիտետում բաժանորդները դրանք դեռ ստանում են հին ձևով՝ թղթե կտրոններով: