Վրացական հարսանիքը ընդհանրապես նման է կովկասյան հարսանիքի, սակայն կան որոշ յուրահատկություններ, որոնցով տարբերվում է մյուսներից:

Ժամանակակից միտումների հետ միասին, Կովկասում ձգտում են պահպանել որոշ ավանդույթներ, որ գալիս են հին ժամանակներից: Հարսանիքը այսօր Կովկասում իրենից ներկայացնում է ավանդական ու ժամանակակից միտումների խառնուրդ: Իսկ թե որ մասն է գերակշռում` կախված է ընտանիքից, թե որքանով է այն պահպանում ավանդույթները, ինչպես նաև դա կախված է ընտանիքի ֆինանսական հնարավորություններից:

Վրացական հարսանիքին նախորդում է ծանոթությունը և նշանադրությունը: Եթե հարսն ու փեսան իրենք չեն ծանոթացել, ապա նրանց ծանոթացնում է միջնորդը: Ծանոթությունից հետո` հարսանիքին նախորդում է նշանդրեքը, և միայն դրանից հետո` հարսանիքը:

Ամուսնության վրացական որոշ բարի ու գեղեցիկ ավանդույթներ տրվել են մոռացության: Օրինակ. նախկինում կար ավանդույթ, որ հարսանիքից մեկ ամիս անց` հարսը դուրս էր գալիս փողոց դույլերով: Դա նշանակում էր, որ նա այլևս հարսնացու չի, այլ դարձել է տնային տնտեսուհի` ընտանիքի լիիրավ անդամ:

Վրաստանի ցանկացած անկյունում կան հարսանեկան զգեստի իր ավանդույթները, բայց ամբողջությամբ դրանք նման են: Վրացական ազգային զգեստ հագնելու ավանդույթը երկար ժամանակ չէին պահպանում, այս վերջին տարիներին այդ ավանդույթը վերածնունդ է ապրել: Այժմ դա ավելի նորաձևություն է, քան ավանդույթ: Մի կողմից դա ավանդույթի վերականգնում է, մյուս կողմից էլ ժամանակակից դիզայներների մտադրություն` դրանից փող աշխատելու` դարձնելով ազգային զգեստը ավելի ժամանակակից:

Վրացական ավանդույթի համաձայն` պարտադիր է համարվում պսակադրությունը եկեղեցում: Պսակադրության համար անհրաժեշտ է, որպեսզի պսակվող զույգը լինի նույն հավատքի:

Ժաննա Խաչատրյանը ամուսնացել է ջավախքցի հույնի հետ: Փեսայի ընտանիքը խստությամբ պահպանում է կրոնական ավանդույթները: Ժաննան ուղղափառ հավատացյալ է, մինչև հարսանիքը` նրանք պսակադրվել էին Վարձիայում:

«Մենք պսակվեցինք, հետո հինգ ամիս անց անցկացրինք հարսանիք: Դա ճիշտ է: Դա արեցինք ոչ թե ձևականության համար` այլ ելնելով հավատից: Վրացական ավանդույթի համաձայն` քանի դեռ փեսան ու հարսը չեն պսակադրվել եկեղեցում` նրանց չի կարելի ապրել իրար հետ: Եվ շատ կարևոր է, որպեսզի ընտանիքը լինի մի հավատի», – ասում է Ժաննա Խաչատրյանը:

Նրա խոսքերով. մի հետաքրքիր ավանդույթ էլ չի պահպանվել:
«Երբ փեսայի հարազատները գնում են հարսի հետևից, այդ ժամանակ բոլորը խաղեր են խաղում, պարում, հարսի համար պահանջում «փրկագին»: Հետո կա նաև մի ավանդույթ էլ` բարկացնել փեսային, որպեսզի հասկանալի լինի, թե որքանով է նա ոգով ուժեղ: Հարսի բարեկամները սկսում են բանաստեղծություններով խոսքակռիվ և մրցակցում` թե ով ունի ավելի լեզվանի է», – ասում է Ժաննա Խաչատրյանը:

Վրացական հարսանիքի ժամանակ շատ կարևոր է, թե որ հյուրը որտեղ պետք է նստի, շատ կարևոր է թամադայի ընտրությունը, որ կարողանա ղեկավարել հարսանիքը` չթողնելով հյուրերին ձանձրանալու: Հարսանիքի ամենակարևոր հյուրերից է քավորը: Հարսանիքների ժամանակ սեղանները լեցուն են բազմաթիվ ուտեստներով, երգում են վրացական ազգային երգեր ու պարում վրացական ռիթմիկ պարեր:

Սկեսուրը դիմավորում է հարսին տան շեմին: Նորապսակները կոտրում է շեմի վրա ափսե, որպեսզի դրա մասունքների հետ հեռանա չարը: Նորապսակների վրա լցնում են ցորեն, որպեսզի նրանք հարուստ լինեն:

Ինչպես բարի հեքիաթներում` խնջույքը տևում է յոթ օր ու գիշեր, այնպես էլ վրացական հարսանիքը տևում է ոչ մեկ օր:

Շուշան Շիրինյան