Փետրվարի 1-ից Վրաստանում կրկին կթույլատրվի բանտարկյալների կարճաժամկետ տեսակցությունները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու ամսով կասեցվել էին: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության Հատուկ քրեակատարողական ծառայությունը:
«Վրաստանի օրենքի համաձայն, քրեակատարողական հիմնարկներում մեղադրյալների/դատապարտյալների կարճաժամկետ տեսակցությունների իրավունքը կվերականգնվի այս տարվա փետրվարի 1-ից», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 28-ից Վրաստանում համաճարակային իրավիճակի վատթարացման հետևանքով բանտերում կարճաժամկետ տեսակցություններն արգելվել էին: Քրեակատարողական հիմնարկներում նույնանման սահմանափակումները գործում էին մինչև 2020 թ.-ի մայիսի 25-ը:
Դեկտեմբերի 31-ից Վրաստանի բանտերում սկսվել էր «COVID-19»-ի հայտնաբերման նպատակով ՊՇՌ (PCR) մեթոդով մասսայական թեստավորում: Այս շաբաթ, Արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն հայտնել էր, որ 113 դատապարտյալի մոտ ախտորոշվել է կորոնավարակ: Սրա հետ մեկտեղ նա նշել էր, որ նման տվյալները ստացել են 10 քրեակատարողական հիմնարկներում մոտ 7 հազար դատապարտյալի շրջանում թեստավորում անցկացնելուց հետո: