Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղի բնակիչները դժգոհ են նրանից, որ բազում բողոքներ ներկայացնելուց հետո գյուղում խմելու ջրի խնդիրը դեռ լուծված չէ՝ այն բացարձակապես չի հերիքում:

Բուղաշեն գյուղում ապրում է շուրջ 120 ընտանիք: Եկամտի հիմնական աղբյուրն այստեղ գյուղատնտեսությունն է: Նախորդ տարի գյուղացիների համար ավելացան լրացուցիչ խնդիրներ՝ կապված այն բանի հետ, որ նրանք չկարողացան մեկնել արտերկիր՝ արտագնա աշխատանքների: Հիմնականում գյուղացիներն արտագնա աշխատանքի նպատակով մեկնում էին Ռուսաստան:

Գյուղացիների խոսքով՝ գյուղում շատ խնդիրներ կան՝ չկան նորմալ ճանապարհներ, մանկապարտեզ, փողոցային լուսավորում, և որ ամենակարևորն է՝ խմելու ջուր:

4

Ըստ Արտյուշ Ափոզյանի՝ ջրամատակարարման գիծը շատ հին է, խողովակները ժանգից խցանվել են, ինչի պատճառով ջուրը գյուղ չի հասնում:

«Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է ջրագիծը վերանորոգվել, արդեն մոտ 30 տարի է գյուղում կա ջրի պակաս», – ասում է նա:

1

Կարեն Ափոզյանի խոսքով՝ իրենք այս հարցով բազմիցս դիմել են համապատասխան կառույցներին, սակայն խնդիրը դեռ լուծված չէ, և հայտնի չէ՝ այն ընդհանրապես կլուծվի՞:

«Ամեն անգամ ասում են, որ ջրի խնդիրը շուտով կլուծվի, տեսնենք, թե երբ: Մինչ այժմ նման ոչ մի բան չի արվում», – ասում է Բուղաշեն գյուղի բնակիչներից մեկը:

2

Ջրից բացի, գյուղում դեռ շատ խնդիրներ կան: Օրինակ, ըստ գյուղացիների, նախկինում գրեթե յուրաքանչյուր ընտանիքից մեկը մեկնում էր արտագնա աշխատանքի, բայց այս տարի շատերը չկարողացան մեկնել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Գյուղացիների խոսքով՝ գյուղը նաև գիշերային լուսավորության խնդիր ունի:

«Այս տարի շատերը չկարողացան մեկնել Ռուսաստան՝ խոպան, իսկ գյուղում ոչինչ չկա, աշխատանք չկա, փող չկա», – ասում է գյուղի բնակիչ Գաբրիել Եղոյանը:

Բրատիսլավ Իգիթխանյան