Վրաստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնում Բիձինա Իվանիշվիլիին կփոխարինի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո։
«Քաղաքականությունից և կուսակցության նախագահի պաշտոնից Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը անխոս մեզ համար մարտահրավեր է և առանձնահատուկ պատասխանատվություն է Վրաստանը իսկական եվրոպական պետություն կառուցելու գործում», – հայտարարել է Կալաձեն։
Վրաստանի իշխող ուժի հիմնադիր և առաջնորդ Իվանիշվիլին այսօր կրկին հայտարարել է քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին։ Միլիարդատեր գործարարը քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել էր նաև 2013 թվականին՝ վրացական կառավարությունը մեկ տարի ղեկավարելուց հետո։ Անցած 7 տարիներին, սակայն, ընդդիմությունը պնդում էր, թե իրականում հենց Իվանիշվիլին է երկրի ստվերային ղեկավարը: