Հուլիսի 26-ին, Նինոծմինդայում «Ջավախքում քննադատական մտածողության դպրոցի» շրջանակներում անցկացվեց առաջին հանդիպումը, որը հնարավոր է դարձել «Աջակցություն Վրաստանում հավասարության, համերաշխության և սոցիալական խաղաղության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Սոցիալական արդարության կենտրոնի կողմից Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ:

Քննադատական մտածողության դպրոցը կիսակադեմիական և քաղաքական տարածք է, որի նպատակն է կիսել քննադատական գիտելիքները երիտասարդ ակտիվիստների և համայնքի լիդերների հետ, ովքեր հետաքրքրված են սոցիալական արդարությամբ, հավասարությամբ և ժողովրդավարությամբ, ինչպես նաև ստեղծել կոլեկտիվ դատողությունների և ընդհանուր գործողությունների հարթակ: Դպրոցում սովորելու հնարավորություն է ընձեռվել բարձրագույն կրթություն ունեցող կամ ավարտական կուրսի 20-ից-35 տարեկան 25 անձի։

Առաջին հանդիպման բանախոսներն էին Գիորգի Սորդիան և Թամթա Թաթարաշվիլին, ովքեր խոսեցին միգրացիայի, խոպանի, ֆեմինիզմի և Ջավախքի հորագույն պատմության մասին՝ հանդիպմանը ներկա էին երիտասարդներ, ովքեր բարձրաձայնեցին շրջանում առկա խնդիրների և անհրաժեշտ փոփոխությունների մասին, ինչպես նաև շեշտը դրված էր երիտասարդների կողմից քաղաքական թեմաներին մասնակցության և դրա կարևորության վրա:

tamta

Առաջիկայում ծրագրվում են ուսումնական ծրագրի շրջանակներում տեսական դասախոսություններ/քննարկումներ: Ինչպես նաև նախատեսված է սեմինարների շարք անցկացնել կոլեկտիվ մոբիլիզացիայի, սոցիալական խնդիրների դեմ պայքարի ռազմավարությունների և գործիքների վերաբերյալ:

Jnews-ի հետ զրույցում Սոցիալական արդարության կենտրոնի տնօրեն Թամթա Միքելաձեն նշեց, որ որպես թիրախային խումբ է ընտրվել Սամցխե Ջավախքը, քանի որ, ըստ նրա՝ համայնքում բարեփոխումներ իրականացնելու համար կարևոր է տեղում ակտիվիստների ներգրավվածությունը:

«Մեր կենտրոնը Վրաստանի տարբեր շրջաններում ուներ փորձառություն աշխատելու նմանատիպ խնդիրների շուրջ և այս շրջանի խնդիրները բարձրաձայնելու և օրակարգում ներառելու համար հարկավոր է այստեղի ակտիվիստների հետ կազմակերպել այդ ամենը: Այս դպրոցը մեզ համար ակտիվ մարդկանց բացահայտելու և նրանց հետ համատեղ աշխատելու հնարավորություն է», – ասում է Թամթա Միքելաձեն:

Հավելենք նաև, որ սոցիալական արդարության կենտրոնը Վրաստանում նմանատիպ քննադատական քաղաքականության դպրոցներ կազմակերպելու լավ փորձ ունի՝ Թբիլիսիում, Մառնեուլիում, Աջարիայում և Պանկիսիում։