Վրաստանի խորհրդարանը «Հանրային առողջապահության մասին» օրենքում կատարված փոփոխությունները երկարաձգել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կառավարությանն իրավունք տալով առանց արտակարգ դրություն հայտարարելու սահմանափակումներ մտցնել:
Նորմի գործողության ժամկետը երկարաձգելու օգտին կողմ է քվեարկել 81 պատգամավոր:
Առողջապահության հանձնաժողովի նախագահ Դիմիտրի Խունդաձեն պատգամավորներին ծանոթացրել է «Հանրային առողջապահության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները:
«Այսօր մենք ստիպված ենք նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսզի ժամկետը երկարացնենք եւս վեց ամսով: Նախաձեռնողներն այս անգամ էլ բժիշկներն են: Իրականությունն այսպիսին է, որ մնացած աշխարհի հետ միասին մենք ստիպված ենք ապրել համավարակի ռեժիմում, իսկ ճգնաժամը հարկավոր է պատշաճ կերպով կառավարել:
Հուսով եմ, որ 6 ամիս անց մենք ստիպված չենք լինի կրկին երկարաձգել այս օրենքի գործողության ժամկետը, բայց հասարակությունը պարտավոր է հետևել այն հանձնարարականներին և կանոններին, որոնք կտրվեն Համակարգող խորհրդի կողմից», – հայտարարել է հանձնաժողովի նախագահը:
Այսօրվա որոշման համաձայն` խորհրդարանը երկարացնում է վերոհիշյալ լիազորությունների ժամկետը կառավարության համար 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը: Այսինքն՝ ելնելով իրավիճակից և անհրաժեշտությունից, կառավարությունն իրավունք ունի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, նրանց աշխատանքային և տնտեսական գործունեությունը, արգելել զանգվածային սոցիալական միջոցառումների անցկացումը և այլն:
Կառավարության որոշման համաձայն՝ նոյեմբերի 28-ին երկրում կարանտինի նոր սահմանափակումներ էին գործարկվել:
Դեկտեմբերի 24-ից, Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ ներդրված սահմանափակումները մասամբ մեղմվել էին: