Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հանքային ռեսուրսների ազգային գործակալությունը էլեկտրոնային աճուրդ է հայտարարել Արևմտյան Վրաստանով հոսող Ինգուրի գետում ավազոտ ոսկու որոնման և արդյունահանման համար։
Աճուրդում հաղթողը կկարողանա ոսկի արդյունահանել Սվանեթիում՝ Մեստիայի մունիցիպալիտետի Գվեբալդա և Գվալդերա գյուղերում։
Սակարկությունը կսկսվի փետրվարի 15-ին տեղական ժամանակով ժամը 12:00-18:00-ն: Աճուրդի մեկնարկային գինը 10 հազար լարին է։ Լիցենզիայի գործողության ժամկետը 5 տարի է:
Ըստ սակարկություններին կից տեղագրական քարտեզի՝ ուսումնասիրվող տարածքը կազմում է ավելի քան 80 հա։
Աճուրդի պայմանների թվում կան մի քանի պահանջներ լիցենզավորված անձի նկատմամբ, ով աշխատանքի ընթացքում չպիտի սահմանափակի քաղաքացիների՝ լիցենզավորված տարածքում տեղաշարժվելու իրավունքը։ Նաև մինչև աշխատանքի սկիզբը լիցենզավորված անձը մունիցիպալիտետի ներկայացուցչի հետ պարտավոր է տեղաբնակներին տեղեկացնել առաջիկա աշխատանքների մասին։
Վրաստանում ոսկու արդյունահանմամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Հենց ժամանակակից Վրաստանի տարածքում է գտնվել լեգենդար Կոլխիդան, որտեղ էլ արգոնավորդները մեկնել էին ոսկե գեղմի ետևից։ Բանն այն է, որ Կոլխիդայի բնակիչները գետի ջուրը լվանում էին ոչխարի մորթիներով, դրանց վրա նստում էին ոսկու մասնիկները, որից հետո մորթիներն այրում էին, իսկ մոխիրը՝ մաղում։
Ներկայումս Վրաստանում ոսկին արտադրվում է նաև Կազրեթի գյուղի (Քվեմո Քարթլիի շրջան) գործարանում՝ Մադնեուլի ԳՕԿ-ի բազայում: Այս թանկագին մետաղը արտահանվող ապրանքների տասնյակում է ներառված: 2018 թվականին վերամշակված և կիսամշակված ոսկու մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է 2,1%։ Տարվա ընթացքում երկրից արտահանվել է մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի ոսկի։
Անցյալ տարի Վրաստանի կառավարությունը աճուրդի է հանել 50 տարբեր հանքավայրեր, լիցենզիայի աճուրդի մեկնարկային գինը կազմել է 50 մլն լարի։
Նոր օբյեկտներից ներդրումների ակնկալվող ծավալը կազմում է 60 մլն լարի, իսկ զբաղվածության մակարդակը՝ 780 մարդ։ Կարևոր է նաև, որ ռեսուրսների արդյունահանման ժամանակ դրանք կվերամշակվեն տեղում, ինչը ներգրավված ներդրումների հետ միասին կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր։