2021 թվականի հունվարից Վրաստանի կառավարությունը կսկսի 200 լարիանոց փոխհատուցումը փոխանցել այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են աշխատանքը կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Տվյալ փոխհատուցումը հասանելի է միայն այն քաղաքացիներին, ովքեր վճարում են եկամտահարկ, և դա գրանցվում է Եկամուտների ծառայությունում:
Վրաստանի կառավարությունը հակաճգնաժամային փաթեթի շրջանակներում կցուցաբերի բոլոր հնարավոր օգնությունները ծայրահեղ ծանր համաճարակային իրավիճակում հայտնված բնակիչներին և բիզնեսներին, որոնց տնտեսական գործունեությունը սահմանափակումների պատճառով դադարել է:
Աշխատանք կորցրած քաղաքացիները վեց ամսվա ընթացքում կստանան 1,2 հազար լարիի չափով ֆինանսական օգնություն՝ յուրաքանչյուր ամիս 200 լարի: Շահառուների ենթադրյալ թվաքանակը մոտ 125 հազար մարդ է: Ծրագրի բյուջեն կազմում է 150 միլիոն լարի (1 միլիոն դոլար):
Հակաճգնաժամային օգնության առաջին փաթեթի շրջանակներում պետությունն արդեն նպաստ է վճարել շուրջ 125 հազար քաղաքացու՝ վեց ամսվա ընթացքում նրանց փոխանցելով 1200 լարի (մոտ 400 դոլար):
«Մենք մեր բնակչությանը և բիզնեսին խոստացել ենք, որ հունվարից այս օգնության ցուցաբերումը կշարունակվի: Հետևաբար, տեղեկատվության հավաքագրումը, ինչպես նաև համապատասխան փոխանցումները և գործարքները կսկսվեն հունվար ամսից», – հայտնել է Մաճավարիանին:
Բացի այդ, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 24-ը ընկած ժամանակահատվածում կովիդ-սահմանափակումների շրջանում գործազուրկի կարգավիճակում հայտնված քաղաքացիները կարող են 300 լարիի չափով միանվագ փոխհատուցում ստանալ՝ լրացնելով հայտ Եկամուտների ծառայության կայքում:
Պետության կողմից այս օգնությունից կարող են օգտվել անհատ ձեռներեցները, փոքր բիզնեսի կարգավիճակ ունեցող անձինք, ֆիքսված հարկ վճարող ֆիզիկական անձինք, ինչպես նաև միկրոբիզնեսի կարգավիճակ ունեցող անհատները, որոնք սահմանափակումների պատճառով ստիպված էին դադարեցնել իրենց գործունեությունը:
Բացի այդ, 300 լարի փոխհատուցման իրավունք ունեն նաև այն ինքնազբաղված անձինք, ովքեր աշխատում են այն հաստատությունում, որը փակվել է սահմանափակումների պատճառով և այն հաշվառված է որպես հարկատու:
«Այս պահի դրությամբ արդեն գրանցվել է 50 հազար հայտադիմում: Մենք ենթադրում ենք, որ նրանց թիվը կհասնի 100 հազարի: Փոխհատուցման փաթեթի փոխանցումները կսկսվեն և կավարտվեն մինչև այս տարվա վերջ», – հայտարարել է Մաճավարիանին: