Քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում կազմակերպել են «Անհնազանդության երթ»: Նրանց միացել են բիզնես-սեկտորի տարբեր ներկայացուցիչներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Երթի մասնակիցների հիմնական պահանջը «պարետային ժամի» վերացումն է և կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով կիրարկված խիստ սահմանափակումները:

«Երբ կառավարությունն այս ճգնաժամից դուրս գալու ծրագիր չունի, դա ավելի է սրում այն, իսկ երբ կառավարությունը չի լսում իր քաղաքացիներին և օգտագործում է համավարակը` իր սեփական շահերի համար և ի վնաս մնացածի, ապա ժամանակն է քաղաքացիական անհնազանդության»,- հայտարարում է երթը գլխավորող «Ամո՛թ է» շարժումը:

Ակցիան սկսվել է Թբիլիսիի անմիջապես կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց: Ժամը 21:00-ին, երբ ամբողջ Վրաստանում ուժի մեջ է մտնում «պարետային ժամը», ցուցարարները երթ են կազմակերպել քաղաքի փողոցներով: Կազմակերպիչները նախօրոք չէին հայտնել երթուղին, քանի որ վախենում էին, որ ոստիկանությունը կփակի նրանց ճանապարհը: Արդյունքում, Ռուսթավելի պողոտայից երթը սկսելով, նրանք շարժվեցին դեպի Աղմաշենեբելիի պողոտա, իսկ այնտեղից էլ՝ դեպի «Դեդա Էնա» (Մայրենի լեզվի) զբոսայգի: Քայլերթի ընթացքում ցուցարարները վանկարկում էին «դուրս արի՛»՝ կոչ անելով այլ քաղաքացիներին միանալ բողոքի երթին:

Կազմակերպիչների նախնական պայմանավորվածության համաձայն, երթը պետք է լիներ «գունեղ, ուրախ ու երաժշտական»: Ուստի դրա մասնակիցներից շատերը եկել էին տոնահանդեսի դիմակներով՝ իրենց հետ բերելով փուչիկներ և հարվածային գործիքներ: Ինչ-որ մեկը նույնիսկ պարապլան էր բերել:

Երթի մասնակիցներից ոմանք հանդես են եկել հայտարարություններով.

«Այս կանոնակարգերի միջոցով կառավարությունը ոչնչացնում է բոլոր այն ոլորտները, որոնք հազիվ են պահպանել իրենց գոյությունը մինչև այս պահը: Այն զոհաբերում է մարդկանց՝ նրանց կանգնեցնելով սովի առջև: Մենք կգնանք մինչև վերջ: Եվ մենք կարծում ենք, որ չնայած կորոնավիրուսին, չնայած այն հանգամանքին, որ մենք ինքներս ենք զգում վտանգը՝ մենք կրում ենք դիմակներ, պահպանում ենք ֆիզիկական հեռավորությունը և հետևում անհրաժեշտ բոլոր կանոններին, բայց այն, ինչ այսօր անում են իշխանությունները, հակաօրինական է»:

Գիգա Մաքարաշվիլի, շարժում «Ամո՛թ է»

«Ես պահանջում եմ չեղարկել բոլոր սահմանափակումները, բայց մենք այսօր հատուկ ենք բողոքում «պարետային ժամի» դեմ, որը ամենախայտառակ սահմանափակումներից մեկն է: Երկար ամիսներ է 21:00-ից հետո մեզ թույլ չեն տալիս դուրս գալ տանից: Սա ռացիոնալ բացատրություն չունի: Այստեղ մենք հավաքել ենք մարդկանց, ովքեր որոշել են ի տեսություն բոլորի խախտել այս կանոնակարգը, չնայած այն հանգամանքին, որ պետությունը նախատեսել է որոշակի պատժամիջոցներ»:

Զուրաբ Ջափարիձե, «Գիրչի»

«Կառավարությունը չարաշահում է իր իշխանությամբ և կիրառում է մարդկանց քաղաքական իրավունքները սահմանափակելու գործիքը: Այն ամբողջովին անտեսում է նաև մարդկանց հասցրած տնտեսական վնասները: Նման իրավիճակում անհնազանդությունը մնում է միակ միջոցը, ուստի մենք այն մարդկանց կողքին ենք, ովքեր անհնազանդություն են հայտարարում»:

Էլենե Խոշտարիա, ընդդիմադիր քաղաքական գործիչ

ՆԳՆ-ի հայտարարությունը

Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության բաժնի պետ Վաժա Սիրաձեն հայտնել է, որ գործող կանոնակարգը խախտած ցուցարարները կենթարկվեն պատասխանատվության:

«Բոլոր փաստերի առնչությամբ, ինչպես նախկինում, հիմա էլ կձեռնարկվեն իրավական միջոցառումներ: Մենք համապատասխան գործողություններ կձեռնարկենք օրինախախտների նկատմամբ: Օրենքի առջև հավասար են բոլորը», – ասել է Սիրաձեն:

Աղբյուրը՝ SovaNews