Մինչեւ դեկտեմբերի 25-ն Ախալքալաքում տոնածառ կտեղադրվի, որի համար վերջնական հաշվարկով հատկացվել է 5000 լարի:
Ախալքալաքի բյուջեի փոփոխությունները, որոնք, ի թիվս այլ կետերի ներառում էին նաեւ 14 000 լարիի հատկացում ամանորյա զարդարանքների համար, մերժվեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի կողմից: Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի, քաղաքի զարդարման համար որոշվել է հատկացնել 5000 լարի:
«Քաղաքապետարանի հրամանով տոնածառի տեղադրումը կիրականացվի քաղաքապետարանի Սանիտարական մաքրման IP-ի կողմից: Դրա համար հատկացվել է 5000 լարի: Այս գումարը կուղղվի տոնածառի տեղադրմանն ու ապամոնտաժմանը, ինչպես նաեւ քաղաքի զարդարմանը: Միջոցառումներ չեն լինի, բայց տոնածառը կտեղադրենք: Նախորդ տարվա ինստալյացիան նույնպես կվերափոխվի, այսինքն՝ 2020 թվականը կվերածվի 2021-ի: Կզարդարվի հրապարակը, գլխավոր փողոցում կլինի անցյալ տարվա լուսավորումը, իսկ քաղաքի զբոսայգում կլինի այն, ինչ կար նախորդ տարի, իսկ այն, ինչ փչացել է, ապա փչացել է: Արդեն սկսել են վերափոխել ինստալյացիան: Տոնածառը կտեղադրվի մոտ մինչև ամսի 25-ը», – ասաց Վալերի Ստելմաշովը:
Այս տարի Ախալքալաքի բնակչությունը Նոր տարի նշելու տրամադրություն չունի: Ամանորյա տրամադրության վրա ազդել է ոչ միայն կորոնավիրուսի արագ տարածման հետ կապված իրավիճակը, այլև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը և Արցախյան պատերազմը:
Ախալքալաքի բնակիչները հրաժարվում են նշել Նոր տարին