Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի ալյուրի արժեգումարը, որպեսզի երկրում հացը չթանկանա: Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին:

«Այս դեպքում խոսքն առաջին կարգի ցորենի ալյուրը սուբսիդավորելու մասին է՝ պահպանելու համար ներկայիս գները, որպեսզի խուսափենք գնաճից: Ծրագիրը կգործարկվի հաջորդ շաբաթ: Ուստի ես ցանկանում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ հացի գինը չի բարձրանա», – հայտարարել է Դավիթաշվիլին:

Ծրագիրը նախատեսված է չորս ամիսների համար` մինչև 2021 թվականի մարտի 31-ը: Դրա ամսական բյուջեն կկազմի 2-ից 2,5 միլիոն լարի (ավելի քան 755 հազար դոլար): Ըստ այդմ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն լարի (ավելի քան 3 միլիոն դոլար):

Ալրաղաց գործարանների համար ֆիքսված գին կլինի (50 կիլոգրամանոց ալյուրի պարկի համար` 53 լարի (16,2 ԱՄՆ դոլար)): Սուբսիդավորման չափը կկազմի մեկ պարկի համար մինչև 10 լարի։

Ինչպես բացատրել է նախարարը, նոյեմբերի սկզբին երկիրն ունեցել է մոտ 100 տոննա ցորենի պաշար, բայց Սևծովյան տարածաշրջանում գների բարձրացման պատճառով առաջացել են առաջին կարգի ալյուրի և, համապատասխանաբար, հացի գների բարձրացման նախադրյալներ:

«Մենք հասկանում ենք, որ հացը ռազմավարական մթերք է, մենք հասկանում ենք, որ բնակչության սոցիալական վիճակը բավականին ծանր է՝ ելնելով այն տնտեսական խնդիրներից, որոնք կորոնավիրուսն առաջացրել է աշխարհում, այդ թվում նաև մեր երկրում», – հավելել է Դավիթաշվիլին:

2021 թվականի ապրիլին Վրաստանի կառավարությունը կգնահատի իրավիճակը միջազգային շուկայում և կորոշի՝ երկարաձգել սուբսիդավորման ծրագիրը, թե ոչ:

Մինչ նոր ծրագրի ներկայացումը, Ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիան կոչ էր արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել արտադրողներին խթանելու համար: Նրանց հայտարարության մեջ ասվում էր, որ հակառակ դեպքում անհնար կլինի պահպանել ալյուրի և հացի ներկայիս գները:

Նրանք գների անխուսափելի աճը բացատրեցին համաշխարհային շուկայում հացահատիկի պահանջարկի մեծացմամբ, ինչպես նաև վրացական ազգային արժույթի՝ լարիի արժեզրկմամբ:

Նյութը՝«Новости Грузия»—ից