Խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Փոթիում և Զուգդիդիում դպրոցներն ամբողջությամբ տեղափոխվել են հեռավար ուսուցման ռեժիմի մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը: Սակայն շրջանների մյուս դպրոցները շարունակում են իրենց աշխատանքը սովորական ռեժիմով:
Վրաստանի կառավարության նոր սահմանափակումները և դրանց գործարկման ու կասեցման բարդ ժամանակացույցը մոլորության մեջ են գցել շատ քաղաքացիների: Շրջանների բնակիչները չեն կարող տարբերակել ամբողջ երկրում կիրառվող սահմանափակումներն կոնկրետ խոշոր քաղաքներում գործողներից:
Ախալքալաքի դպրոցներում իրարանցում է սկսվել: Ուսուցիչներն ու աշակերտները չեն կարողանում հասկանալ՝ նրանք անցնում են հեռավար դասառեժիմի, թե՞ ոչ:
Պարզաբանում ենք, որ դպրոցների աշխատանքին առնչվող կառավարության կողմից կիրառված նոր սահմանափակումները տարածվում են միայն 7 կոնկրետ քաղաքների` Թբիլիսիի, Բաթումիի, Քութաիսիի, Ռուսթավիի, Գորիի, Փոթիի, Զուգդիդիի դպրոցների վրա, իսկ մնացած դպրոցների վրա չեն տարածվում: Հարկ է նշել նաև, որ այդ սահմանափակումները նոր չեն, դրանք գործում էին նոյեմբերի 4-ից մինչև 25-ը, իսկ երեկ երկարաձգվեցին ևս 2 ամսով:
Ախալքալաքի դպրոցները շարունակում են աշխատել սովորականի պես, խառը դասառեժիմով, այսինքն` ժամանակավորապես (մոտ 2 շաբաթով) անցնում են հեռավար դասառեժիմի միայն այն դպրոցները, որոնցում գրանցվում են կորոնավիրուսային վարակի դեպքեր: