2020 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակն աճել է 0,7 տոկոսային կետով և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել 11,9 տոկոս: Այս մասին ասվում է «Սաքստատի» հաղորդագրությունում:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2020 թվականի երրորդ եռամսյակում տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է աշխատունակ տարիքի (15 տարեկան և բարձր) բնակչության 60,8 տոկոսը: Ակտիվության մակարդակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղական բնակավայրերում, համապատասխանաբար՝ 0.8 և 3 տոկոսային կետերով:
Զբաղվածության մակարդակը ամբողջ երկրում նվազել է 1.9 տոկոսային կետով, այդ թվում` քաղաքային տիպի բնակավայրերում` 1.8 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում` 2.3 տոկոսային կետով:
Միևնույն ժամանակ, 2020 թվականի երրորդ եռամսյակում վարձված աշխատողների բաժինը կազմել է աշխատակիցների ընդհանուր թվի 49,5 տոկոսը, ինչը 1,1 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ: