Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու, ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
Մինչ այդ, հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացրել է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: