Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, Հայաստանի Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է Ադրբեջանի զինվորականների կողմից:
Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը «սխալմամբ խոցվել է Ադրբեջանի կողմից», այդ երկրի արտաքին գործերի նախարարությունն ընդունել է իրենց կողմից ուղղաթիռի խոցման փաստը և հայցել ռուսական կողմի ներողամտությունը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Երասխ բնակավայրի տարածքում՝ Նախիջևանի հետ սահմանին՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հարվածից։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե «ուղղաթիռի խոցումը դժբախտ պատահար է, և ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ»։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ուղղաթիռը թռչել է հայ-ադրբեջանական սահմանին մոտ այն ժամանակ, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվ ռազմական գործողություններ են եղել։ Ադրբեջանական կողմը նաև նշել է, թե նախկինում այդ տարածքում ռուսական ինքնաթիռներ չեն երևացել։ Ադրբեջանը նաև հայտարարել է համապատասխան փոխհատուցում տրամադրելու պատրաստակամություն։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։
Ավելի վաղ ՌԴ-ից նշել էին, որ նախնական տեղեկությունով, երկու հոգի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ եւ իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:
«Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների», – ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: