Լրացուցիչ կետային սահմանափակումների շրջանակներում, նոյեմբերի 9-ից տեղաշարժի համար կիրառվող սահմանափակումները խախտելու համար ֆիզիկական անձի դեպքում նախատեսված է 2000 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 10 հազար լարի:
Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլի՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսի ընթացքում:
«Պատժամիջոցները սահմանել ենք այն օրենքով, որը կարգավորում է կարանտինային միջոցառումները: Սա պարետային ժամ չէ, սա տեղաշարժի սահմանափակում է, և, այդ սահմանափակումը խախտելու համար կգործի պատժամիջոց, որը ֆիզիկական անձի դեպքում կազմում է 2000 լարի, իրավաբանական անձի դեպքում՝ 10 հազար լարի»,- նշել է Ցքիտիշվիլին:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ նոյեմբերի 9-ից մեծ քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում, ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 5-ը կարգելվի տեղաշարժը: