Վրաստանի կառավարությունը չի բացառում, որ կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու համար երկրի մի քանի քաղաքներում գիշերային ժամերին քաղաքացիների տեղաշարժը սահմանափակվի: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:
Ցքիտիշվիլին թվարկել է մի քանի «կետային սահմանափակումներ», որոնք ներկայումս քննարկվում են: Ըստ փոխվարչապետի, դրանք կարող են ներդրվել առաջիկա օրերին՝ վիրուսի տարածումը կանխարգելու նպատակով:
«Դա կարող է լինել երեկոյան կամ գիշերվա ժամերին տեղաշարժի սահմանափակումը: Տարբեր բնակավայրերում դա կարող է լինել ինչպես տրանսպորտի աշխատանքի դադարեցումը, այնպես էլ առևտրի կենտրոնների, շուկաների (…) աշխատանքի դադարեցումը հանգստյան օրերին կամ շաբաթվա օրևիցե մեկ այլ օր», – հայտարարել է Ցքիտիշվիլին:
Փոխվարչապետը հավելել է, որ «բոլոր այս միջոցների կիրառումը դա պրակտիկան է, որը հիմնված է հարևան և այլ երկրների գիտելիքների վրա»: Նա նաև դիմել է գործատուներին՝ հորդորելով նրանց իրենց աշխատողներին փոխադրել հեռավար աշխատառեժիմի: Նախարարը 70 տարեկանից բարձր քաղաքացիներին և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հորդորել է փորձել հազվադեպ դուրս գալ տանից:
«Դրանք, կրկնում եմ ևս մեկ անգամ, միջոցառումներ են, որոնք ունեն «կետային» բնույթ: Դրանք կներդրվեն, երբ անհրաժեշտ լինի՝ ելնելով համաճարակային իրավիճակից», – հավելել է նա:
Վրաստանի կառավարությունում գտնում են, որ դեպքերի աճն ուղղակիորեն պայմանավորված է երկրում սկսված հետխորհրդարանական բողոքի ցույցերով: Դրանք կազմակերպող քաղաքական սուբյեկտներին Ցքիտիշվիլին կոչ է արել պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
«Շատ կարևոր է, որ քաղաքական սուբյեկտները, բոլոր քաղաքական կուսակցությունները, բոլոր ակտիվիստները, նրանց կողմնակիցները, իրենց բողոքը արտահայտելուց դա անեն բոլոր կանոնները պահպանելով: Դիմակն անհրաժեշտ է կրել, հեռավորությունը նույնպես պետք է պահպանվի: Ոչ ոք, ոչ ոքի չի սահմանափակել խոսքի ազատությունը, բայց եկեք մեր կարծիքն արտահայտենք այնպես, որ ուրիշներին չվնասենք», – հայտարարել է փոխվարչապետը: