Նվազագույնը 1000-ից մինչ 2000 լարի է հարկավոր Նինոծմինդայի շրջանում սեփական տան մեջ չսառելու համար: Ինչով են տաքացնում իրենց տները Նինոծմինդայի բնակիչները, ինչ են ասում իրենց գեղեցիկ և խիստ ձմռան մասին:
Նինոծմինդան տիպիկ լեռնային տարածաշրջան է ծովի մակարդակից 1800-2000 մետր բարձրության վրա: Ձմռանը այստեղ ավելի ցուրտ է քան մնացած Վրաստանում, երբեմն լինում են շատ ծայրահեղ ջերմաստիճաններ՝ մինչ մինուս քառասուն աստիճան:
Այստեղ ամառվա կեսերին մարդիկ սկսում են պատրաստվել և մտածել ձմեռվա մասին: Քանի որ վեց ամիս շարունակ այստեղ խիստ ձմեռը շարունակվում է:
Նինոծմինդա քաղաքի բնակչության մեծ մասը մի քանի տարի է տաքանում է բնական գազով: Իսկ գյուղերում իրավիճակը մի քիչ այլ է՝ որոշ գյուղերում չկա բնական գազ, իսկ բնակիչները ստիպված են վառել աթար (չորացրած կամ վերամշակված գոմաղբ), կամ գնում են փայտ:
Բնակիչների խոսքերով վերջին տարիների ընթացքում փայտի գինը տարեց տարի ավելանում է:
«Ամռանը աշխատում ենք, հավաքում գումար, որպեսզի ձմռանը չսառենք, որոշ մարդիկ գնում են փայտ, ածուխ, իսկ ով որ ունի հնարավորություն տաքացնում է տունը բնական գազով», – ասում է Նինոծմինդայի բնակիչ Արտյուշ Ղարսլյանը:
Ինքը տաքացնում է տւնը փայտով:
«Ինչ ասեմ, ձմռանը մտածում ենք, ինչպես անել, որ փայտը հերիքի ամբողջ ձմեռ: Մոտ 1000 լարի ծախսում եմ տաքացման համար, ամռանը նույնպես մտածում եմ ձմռան մասին, գնում եմ փայտ, պատրաստվում, ամբողջ տարին նույն բանը: Բնական գազի համար հնարավորություն չկա, իսկ փայտը գնելով տանջվում ենք՝ կոտրատում, չորացնում: Ձմեռը մեզ համար դժվար և տանջալից կյանք է»,- ասում է Արտյուշ Ղարսլյանը:
Քաղաքի բնակիչ Արմենը տաքացնում է տունը բնական գազով:
«Ամիսը արժենում է 300 լարի, հիմա հաշվեցեք, ինչքան կարժենա 6 ամսվա համար, այստեղ աշխատանք չկա, մեկնում ենք Ռուսաստան աշխատելու համար, բերում ենք փող, որը հազիվ է հերիքում վառելիքի և սննդամթերքի համար: Ամեն ինչը դժվար է մեզ համար», – ասում է Արմենը:
Բորիս Ղարսլյան