«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում կառուցվեց մանկական խաղահրապարակ: Այս տարի Կարտիկամն տվյալ ծրագրի շրջանակներում ստացել է 20 000 լարի:

Գյուղում խաղահրապարակը կառուցվել է ամբուլատորիայի հարևանությամբ:

1

Կարտիկամ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Շալո Էլիզբարյանի խոսքով, շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են:

«Խաղահրապարակի շինարարությունն արդեն ավարտված է, մենք ստուգել ենք աշխատանքները, ամեն ինչ արվել է ըստ նախագծի: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել շինարարին կատարած աշխատանքի համար», – ասում է նա:

Աշխատանքները սկսվել էին սեպտեմբերի երկրորդ կեսին: Ըստ Էլիզբարյանի՝ Կարտիկամում խաղահրապարակի կառուցման տենդերը երկու անգամ՝ հուլիսին և օգոստոսին, չէր կայացել դրանում մասնակցել ցանկացողների բացակայության պատճառով: Երրորդ անգամ տենդերը կայանալուց հետո այն շահել էր Զարմար Զարմարյանը՝ 20 000 լարիի չափով:

Փետրվարին Կարտիկամ գյուղում տեղի էր ունեցել հանդիպում, որի ժամանակ բնակիչները քննարկել էին գյուղի խնդիրները և առաջնահերթ աշխատանքները, որոնք հնարավոր էր իրականացնել «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում հատկացված միջոցներով: Հանդիպման ընթացքում բնակիչները որոշում էին կայացրել գյուղին հատկացված գումարը ծախսել խաղահրապարակ կառուցելու վրա:

Այս տարի, «Օգնություն գյուղին» ծրագրով Ախալքալաքի մունիցիպալիտետը ստացել է 922 000 լարի:

Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով նախատեսված ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենախոշոր գումարը` 20 000 լարի, ինչպես նաև կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 լարի կամ 16 000 լարի:

Վրաստանում «Օգնություն գյուղին» ծրագիրը մեկնարկել էր 2011 թ.-ին, 2019-ին՝ երկամյա ընդմիջումից (2017, 2018) հետո, պետությունն այն կրկին վերսկսել է: