Երթևեկությունը կարգավորելու, ինչպես նաև հետիոտնային անցումների գծանշման նոր ծրագրի շրջանակներում, Ախալքալաքի կենտրոնում սկսվել է ճանապարհային նշանների տեղադրման գործընթացը: Նոր նշանների տեղադրումից հետո տեսախցիկներն արդեն Ախալքալաքում կսկսեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրումը:
Ճանապարհային նշանների և գծանշանների տեղադրման աշխատանքներն իրականացնում է ձեռնարկատեր Արշակ Ամոյանը: Ձեռնարկատերը, մարտի վերջին, 34 600 լարիով շահել է տենդերը, նախնական 37 718 լարիի դեպքում: Պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 13-ին: Աշխատանքների վերջնաժամկետը նշանակվել է 2020 թվականի հուլիսի 11-ը, բայց համավարակի պատճառով ձեռներեցն աշխատանքը չի կարողացել սկսել ժամանակին, ինչի պատճառով պայմանագիրը երկարաձգվել է մինչև սույն թվականի օգոստոսի 8-ը:
Ձեռնարկատեր Արշակ Ամոյանի խոսքերով, իրեն թույլ չեն տվել աշխատել, այդ պատճառով երկարաձգել են պայմանագրի ժամկետը:
«Կորոնավիրուսի պատճառով թույլ չէին տալիս, խոստացել էին երկարաձգել ժամկետը: Մենք կփորձենք տեղավորվել երկարացված ժամկետում: Աշխատանքներն արդեն սկսվել են, նշանների սյուններն արդեն տեղադրվել են, իսկ նշանները պատվիրվել են Թբիլիսիում, սպասում ենք, 20 օրվա ընթացքում կտեղադրենք, իսկ գծանշման աշխատանքներն այսօր սկսել ենք», – ասում է ձեռնարկատեր Արշակ Ամոյանը:
Քաղաքի փողոցների 53 խաչմերուկում տեղադրվելու են ճանապարհային նշանների 10 տեսակ, ընդհանուր առմամբ 185 հատ:
Ճանապարհային նշանների, գծանշանների հարցն արդիական դարձավ անցյալ տարվա գարնանը: Այդ ժամանակ, վիճահարույց նշանների պատճառով, բնակիչները նույնիսկ դատավեճ ունեցան Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հետ: Վեճերից հետո քաղաքապետարանը որոշեց վերանախագծել երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշանները, ներառյալ գծանշումները: Սկզբում քաղաքապետարանը և հանձնաժողովը, որը բաղկացած էր պարեկային ոստիկանության աշխատակիցներից, սակրեբուլոյի պատգամավորներից և քաղաքապետարանի աշխատակիցներից, կազմեցին նոր նախագիծ, դրանից հետո նախագիծն ուսումնասիրեցին Սամցխե-Ջավախքի Ճանապարհային ոստիկանության բաժանմունքում, այն քննարկեցին նաև սակրեբուլոյի պատգամավորները: Նախագծի իրականացումը հետաձգվում էր ֆինանսների բացակայության պատճառով:
«Խելացի» տեսախցիկներն Ախալքալաքում դեռևս խախտումներ չեն արձանագրում, քանի որ ճանապարհային ենթակառուցվածքը և ճանապարհային նշանները չեն համապատասխանում չափանիշներին: Ենթակառուցվածքների բարելավումից և նշանների տեղադրումից հետո տեսախցիկներն արդեն կսկեն արձանագրել խախտումները, բայց կոնկրետ երբ, դեռևս պարզ չէ …