Արդեն մի քանի օր է Ախալքալաքում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ակտիվորեն վերահսկում են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անվտանգության միջոցների պահպանումը:
Իրավապահները վերահսկում են դիմակների ճիշտ կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը ինչպես շուկայում, այնպես էլ առևտրի կենտրոններում և մարդաշատ վայրերում:
Ըստ վաճառողների, այսօր առավոտյան ՆԳՆ աշխատակիցներն իրենց նախազգուշացրել են պահպանել սոցիալական հեռավորությունը, բժշկական դիմակը ճիշտ կրել և հորդորել են ենթարկվել ոստիկանության հրամաններին: Ըստ նրանց՝ իրենց զգուշացրել են, որ եթե չհնազանդվեն ցուցումներին, կտուգանվեն:
«Ես գնումներ էի կատարում, այդ պահին մոտեցան ոստիկանները և ինձ խնդրեցին, որ դիմակը միշտ կրեմ, նրանք ասացին, որ դա արվում է քաղաքացիներին վիրուսներից պաշտպանելու համար», – ասում է Կարտիկամի բնակիչ Պետյա Սահարյանը:
Բացի շուկաներից և առևտրի կենտրոններից, ոստիկանությունը վերահսկում է տրանսպորտը և այլ մարդաշատ վայրերը՝ ապահովելու համար, որ քաղաքացիները պահպանեն անվտանգության միջոցառումները:
Կորոնավիրուսի տարածման վտանգից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել գրկախառնվելու և համբուրվելու սովորություններից, անգամ ձեռք սեղմելուց, մանավանդ, եթե տվյալ անձը հարբուխի նշաններ ունի:
Հիշեցնենք, որ անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 759 նոր դեպք, որից 30 դեպքը գրանցվել է Սամցխե-Ջավախքում: Ընդհանուր առմամբ, Սամցխե-Ջավախքում գրանցվել է կորոնավիրուսի 203 դեպք:
Բրատիսլավ Իգիթխանյան